Հարավային Կորեայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար գեներալ Վինսենթ Բրուքսը հայտարարել է, որ չնայած Հյուսիսային Կորեայի հարցով բանակցային գործընթացի, Վաշինգտոնը պետք է շարունակի ճնշում գործադրել Փհենյանի վրա ՝ վստահ լինելու համար, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները չեն նահանջի ձեռք բերված համաձայնություններից: Ելույթ ունենալով Սեուլի միջազգային լրագրության ակումբում՝ գեներալն ընդգծել է, որ նա կողմ է ապառազմականացած գոտու մի շարք դիրքերից զորքերի դուրս բերմանը:
Գեներալ Բրուքսը գտնում է, որ Հյուսիսային Կորեայի հիմնախնդրի դիվանագիտական կարգավորման հնարավորությունը չափազանց բարձր է, քանի որ փոխվել են իշխանությունները Սեուլում և Վաշինգտոնում: Բացի այդ, Փհենյանի միջուկային սպառնալիքը չափազանց իրատեսական էր:
Նրա հայտարարությանը նախորդել էր ՄԱԿ-ի միջուկային էներգիայով զբաղվող գործակալության հայտարարությունը, որ վերջինս չի կարող հաստատել, որ Հյուսիսային Կորեան դադարեցրել է իր միջուկային ծրագրի զարգացումը: ՄԱԿ-ի կառույցը խորը մտահոգություն է հայտնել այս ծրագրի հետագա զարգացման կապակցությամբ:
Ռոյթերս գործակալությանը տված հարցազրույցում նախագահ Թրամփը վստահություն է հայտնել, որ Փհենյանը քայլեր է ձեռնարկել ապամիջուկայնացման ուղղությամբ և չի բացառել իր նոր հանդիպումը Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ:
Միևնույն ժամանակ Հարավային Կորեայի լրատվական գործակալություններից մեկը օրերս նշել է, որ Սեուլը հույսեր ունի, որ Փհենյանում նախատեսված գալիք գագաթաժողովի ընթացքում հնարավոր կլինի իրական քայլեր ձեռնարկել ապամիջուկայնացման համար: Դեռևս չկա գագաթաժողովի հստակ ժամանակացույց, սակայն չի բացառվում , որ դրան կհետևի ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հերթական այցը Հյուսիսային Կորեա:
Facebook Forum