Մատչելի հղումներ

Լոնդոնը կոչ է անում միասնական ճակատ ստեղծել ընդդեմ Մոսկվայի


Լոնդոնը փորձում է համախմբել իր դաշնակիցներին Ռուսաստանի դեմ պայքարում: Դրան է անդրադարձել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը Վաշինգտոնում:

Մեծ Բրիտանիան կոչ է անում արևմտյան իր դաշնակիցներին միավորվել ընդդեմ Ռուսաստանի ագրեսիվ և վնասարար քաղաքականությանը՝ վստահություն հայտնելով, որ ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի գլխավորությամբ կառաջնորդի այս ճակատը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը Վաշինգտոնում հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Եվրամիության համար չափազանց կարևոր է կոշտ դիրքորոշում որդեգրել ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շարունակական գործելաոճի, որը սպառնում է միջազգային ընդունված բոլոր չափանիշներին:

«Նրանք, ովքեր չեն կիսում մեր արժեքները, պետք է գիտակցեն, որ ստիպված կլինեն բարձր գին վճարել, եթե խախտեն ընդունված նորմերը, ներխուժեն ուրիշ երկրների տարածքներ, օգտագործեն արգելված զենքեր կամ կիբեր-հարձակումներ իրականացնեն: Համարժեք պատասխանի հիմքում է ընկած մեր միասնությունը»,- ասել է Հանթը:

Հանթը ողջունել է մարտ ամսին ավելի քան տասը ռուս դիվանագետների արտաքսման մասին նախագահ Թրամփի որոշումը՝ ի պատասխան նախկին ռուս լրտեսի և նրա դստեր թունավորմանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահը հակված չէր ընդունելու, որ Ռուսաստանը միջամտել է ամերիկյան ընտրություններին՝ այս խնդիրն ավելի շատ դիտարկելով ներքաղաքական պայքարի տեսանկյունից:

Իր հերթին, Ռուսաստանը խոստացել է համաչափ արձագանքել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին, որոնք սահմանվել են ռուսական երկու ընկերությունների և մեկ անձնավորության նկատմամբ, ովքեր փորձել են օգնել Մոսկվային՝ կանխելու նոր պատժամիջոցների ընդունումը:

ԱՄՆ-ը նաև նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական բեռնափոխադրող ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները խախտելու և այստեղ նավթամթերք տեղափոխելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG