Ելույթ ունենալով Սպիտակ տանը սահմանապահ ծառայությունների պատվին կազմակերպված միջոցառմանը՝ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ սահմանապահները չափազանց լավ ծառայություն են իրականացնում՝ կանխելով քրեական տարրերի մուտքը երկիր:
«Անցած տարի կանխվել է ավելի քան 1 միլիոն կիլոգրամ մահաբեր թմրամիջոցների մուտքը ԱՄՆ, հակառակ դեպքում մեծաթիվ մարդիկ կարող էին մահանալ: Երկրի ներսում ներգաղթի ծառայության աշխատակիցները ձերբակալել են շուրջ 127 հազար հանցագործներ, որոնցից 48 հազարը դատապարտվել է հարձակման, 12 հազարը՝ սեռական ոտնձգությունների, իսկ 1800-ը՝ մարդասպանությունների համար»,- հայտարարել է նախագահը:
Երկու օր առաջ, նախքան նախագահի այս հայտարարությունը, ներգաղթի ծառայության աշխատակիցները Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո քաղաքում ձերբակալել են մեքսիկացի մի տղամարդու, ով իր հղի կնոջն էր տեղափոխում հիվանդանոց: Միջադեպը հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում: ԱՄՆ-ի ներգաղթի ու սահմանապահ գործերի գործակալությունը հայտնեց, որ այդ տղամարդը կասկածվում էր մարդասպանության մեջ և վտանգ էր ներկայացնում հանրության համար:
Թրամփի վարչակազմը հաճախ քննադատության է ենթարկվում անօրինական ներգաղթի հարցում իր կոշտ քաղաքականության համար, որի դրսևորումներից էր երեխաների ու ծնողների բաժանումն իրարից:
«Կարծում եմ անհրաժեշտ է արմատապես վերանայել այս կառույցի առաքելությունը: Այսօրվա քաղաքական ղեկավարությունը ներգաղթի ու սահմանապահ ծառայությանն է տվել մի առաքելություն, որը վնասակար է մեր տնտեսությանը, ընտանիքներին ու անգամ անվտանգությանը»,- ասում է Էրիկ Գարսեթին ՝ Լոս Անջելեսի քաղաքապետը:
Հարյուրավոր անօրինական ներգաղթած երեխաներ այս պահին շարունակում են պահվել կալանքի տակ, հեռու իրենց ընտանիքներից: Նախագահ Թրամփը չանդրադարձավ այս խնդրին, սակայն նշեց, որ անօրինական ներգաղթյալներին ապաստան տվող քաղաքներին կարգելվի կացության իրավունք տրամադրել անօրինական ներգաղթյալներին: Նա նաև ընդգծեց, որ շարունակվում են աշխատանքները սահմանային պատի կառուցման ուղղությամբ:
Դրա հետ մեկտեղ նախագահը մեղադրեց դեմոկրատներին Կոնգրեսում իր վարչակազմի նախաձեռնություններն այս ոլորտում արգելափակելու մեջ:
Facebook Forum