Մատչելի հղումներ

 
Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանության համակարգում կոռուպցիոն դրսևորումներ չկան

Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանության համակարգում կոռուպցիոն դրսևորումներ չկան


Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանության համակարգում չկան կոռուպցիոն դրսևորումներ: Օգոստոսի 21-ին մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ոստիկանության պետը շեշտեց, որ կոռուպցիոն դրսևորումները ոստիկանությունում իսպառ վերացել են: «Հավաստիացնում եմ մեր հասարակությանը, պաշտոնապես հայտարարում եմ, որ ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ: Թեպետ չեմ բացառում, որ այս պահին որևէ ոստիկան ինձ անհասկանալի պայմաններում փորձում է ինչ-որ բաներ անել, բայց վստահեցնում եմ, որ մեկ անգամ, միգուցե, կհաջողվի, երկրորդ անգամ , միգուցե, կհաջողվի, երրորդ փորձից ինքը կդատապարտվի, որովհետև ոստիկանություն չկա նման արատավոր երևույթ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Անդրադառնալով ոստիկանությունում աշխատավարձերի բարձրացման հնարավորության մասին հարցին՝ ոստիկանապետն ընդգծեց, որ այդ հարցով կառավարությունում քննարկում է ունեցել: «Այդ խնդրին շատ լավ ծանոթ է Հայաստանի Հանրապետության վարչապետը, և հենց ինքն է առաջինը շահագրգռված, որպեսզի ոստիկանները աշխատավարձերը բարձրացվեն, սակայն դա պայմանավորված է մեր երկրի տնտեսական վիճակով: Հույս ունենանք, որ մենք կունենանք տնտեսական աճ, իսկ այդ դեպքում ես համոզված եմ, որ ոստիկանների աշխատավարձերը կբարձրանան»,- ընդգծեց Վալերի Օսիպյանը:

Օսիպյանը չհամաձայնեց դիտարկման հետ, թե ոստիկանության շատ աշխատակիցներ, ներգրավված չլինելով կոռուպցիոն դրսևորումների մեջ, ներկա աշխատավարձի պայմաններում կլքեն համակարգը: «Այնպես չէ, որ ոստիկանության ամբողջ համակարգը թաթախված է եղել կոռուպցիայի մեջ: Մեր շարքերում կան լուրջ մասնագետներ, ազնիվ, անկեղծ աշխատակիցներ, ովքեր պատրաստ են ծառայել ի շահ մեր ժողովրդի, քաղաքացու և պետության»,- եզրափակեց ՀՀ ոստիկանության պետը:

XS
SM
MD
LG