Մատչելի հղումներ

300-ից  ավելի լրատվամիջոցներ հրապարակեցին խմբագրականներ' ընդդեմ մամուլի նկատմամբ Թրամփի քննադատության


Ամերիկյան շուրջ 350 լրատվամիջոցներ հրապարակել են խմբագրականներ, ուր հակազդել են նախագահ Թրամփի քննադատությանն ուղղված մամուլի միջոցներին:

Ամերիկյան ավելի քան 300 լրատվամիջոցներ Boston Globe-ի առաջնորդությամբ հրապարակել են խմբագրականներ, ուր իրենց բողոքի ձայնն են հնչեցնում ԱՄՆ-ի նախագահի շարունակական քննադատությանն ընդդեմ մամուլի միջոցների: Քարոզարշավն առաջնորդող Boston Globe-ն այն որակել է որպես «կեղտոտ պատերազմ ընդդեմ ազատ մամուլի»:

«Այս խմբագրականների հիմնական պատճառը մամուլի նկատմամբ հնչեցված անհարգալից, շարունակական քննադատությունն է: Սա յուրատեսակ մի հակազդման ձև է, որի միջոցով փորձ է արվում ամերիկյան հանրությանը ներկայացնել ազատ մամուլի կարևորությունը»,- նշում է First Amendment Center կենտրոնի ղեկավար Լաթա Նոթին:

Նախագահ Թրամփն իր նախագահության առաջին իսկ օրերից պարբերաբար մեղադրել է մամուլի միջոցները ոչ ճշգրիտ լուսաբանման մեջ՝ դրանք որակելով «կեղծ լուրեր»:

Նախագահի քննադատները վերջինիս կտրուկ խոսքերը ներկայացնում են որպես անհարգալից վերաբերմունք ժողովրդավարական երկրում ազատ մամուլի հանդեպ: Սպիտակ տունը հերքում է այս մոտեցումը՝ զուգահեռաբար շարունակելով քննադատել մամուլը:

«Անկեղծ ասած, կարծում եմ, որ մամուլը մեծ դերակատարություն է ունեցել երկրում անջրպետի խորացման մեջ, միանշանակ ավելի մեծ դեր, քան նախագահը»,- ասել է Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսը:

Փորձագիտական շրջանակները պնդում են, որ ըստ անցկացված հետազոտությունների, հանրապետականների ճնշող մեծամասնությունը գտնում է, որ առաջատար մամուլի միջոցներն արդարացի չեն լուսաբանում նախագահ Թրամփի գործունեությունը: Միևնույն ժամանակ, ըստGallup կենտրոնի ուսումնասիրության, մամուլի նկատմամբ բացասական տրամադրությունները պարտադիր չէ, որ կապված լինեն Թրամփի քննադատության հետ:

«Հետազոտությունների տվյալները չեն արձանագրում մամուլի նկատմամբ ամերիկյան հանրության կողմից վերաբերմունքի փոփոխություն: Մի գուցե վստահությունը մի փոքր աճել է, քանի որ դեմոկրատներն այժմ ավելի շատ են պաշտպանում մամուլը, սակայն ընդհանուր առմամբ լրատվամիջոցների նկատմամբ բացասական վերաբերմունքը ձևավորվել էր տարիների առաջ նախքան Թրամփի իշխանության ստանձնումը»,- ասում է Gallup-ի գլխավոր խմբագիր Ֆրենք Նյուփորտը:

Սակայն ազատ մամուլի ու խոսքի ակտիվիստները շարունակում են մտահոգված մնալ՝ Թրամփի կողմից հնչեցված մեղադրանքների ազդեցության հետ կապված: Մամուլի նկատմամբ հնչեցվող մեղադրանքներն առաջ են քաշում լրագրողների անձնական անվտանգության հետ կապված հարցեր: Մասնավորապես, ինչպես տեղեկացնում է ԱՄՆ-ում մամուլի ազատության հարցերով US Press Freedom Tracker կենտրոնը, 2018 թվականի ընթացքում 31 ամերիկացի լրագրող ենթարկվել է տարբեր տեսաակի հարձակումների:

Facebook Forum

XS
SM
MD
LG