Մատչելի հղումներ

Աֆղանստանում խաղաղության հաստատման հնարավորությունը հարցականի տակ է


ԱՄՆ-ը դատապարտել է Աֆղանստանում վերջերս գրանցված արյունալի հարձակումները: Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Աֆղանստանի կառավարությանը ՝ խաղաղություն հաստատելու հարցում:

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում վերջերս կրթական կենտրոնի մոտ տեղի ունեցած մահապարտ ահաբեկչի հարձակման արդյունքում զոհվել է 50 մարդ: Շատերը վիրավորվել են:

«Եղբայրս սովորում էր կրթական այս կենտրոնում և սպանվեց պայթյունի արդյունքում: Այստեղ եմ եկել նրա մարմինը տանելու համար»,- ասում է զոհերից մեկի եղբայր Աբդուլ Խալիքը:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է հարձակումը:

«Այս ահավոր հարձակումը բռնություն հրահրելու, խաղաղություն և անվտանգություն հաստատելու ճանապարհից աֆղան ժողովրդին հետ պահելու փորձ է: Դա մեկ անգամ ևս հիշեցում է մեզ, թե որքան կարևոր է հասնել Աֆղանստանում հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսնակ Հեյվեր Նոյերթը։

Նախօրեին հյուսիսային Բաղլանի գավառում թալիբների հարձակման արդյունքում սպանվել էին աֆղանական 40 զինվորներ և ոստիկաններ: Վերջին հինգ օրերին ծավալված ռազմական բախումների ժամանակ ընդհանուր առմամբ զոհվել է շուրջ 200 զինվորական և խաղաղ քաղաքացի: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը այս առիթով ևս արել է մեկնաբանություններ:

«Թալիբան շարժման որոշ հատվածներ դեմ են խաղաղության հաստատմանը: Մնացածները կողմ են խաղաղ բանակցություններին: Կարծում եմ՝ այս գործողություններն իրականացրել են նրանք, ովքեր դեմ են խաղաղությանը և Աֆղանստանում վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ մեր ստանձնած պարտավորությանը»,- նշել է Նոյերթը:

Իր հերթին Թալիբան շաժումը հայտարարել է, որ այլևս թույլ չի տա ազատ մուտքուելք ունենալ Կարմիր խաչի աշխատակիցների մոտ Աֆղանստանում: Վերջին շաբաթվա զարգացումները որոշակի հույսեր էին արթնացրել Աֆղանստանում խաղաղության հաստատման ուղղությամբ՝ հաշվի առնելով Դոհայում ամերիկյան պաշտոնական ներկայացուցիչների ու թալիբների միջև խաղաղության հաստատման նպատակով տեղի ունեցած քննարկումների մասին հրապարակումները:

Facebook Forum

XS
SM
MD
LG