Մատչելի հղումներ

Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը. Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ընտրությունները պետք է լինեն բացառիկ


Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից հրապարակած օրը Երևան համայնքում կնշանակվեն ու կանցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ հրապարակումից 30-ից 40-օրյա ժամկետում ԿԸՀ-ն նշանակում է Երևանի արտահերթ ընտրությունների օրը։

«Սա մեր կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին այս մասշտաբի ընտրություններն են ու հույս ունենք, որ բոլորս գիտակցում ենք` այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ` օրինականության, թափանցիկության ու արդարության առումով», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր գլխավորած կառավարութան համար առաջնահերթություն է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունն ու օրինականությունն ապահովելը:

«Ես հատուկ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ խնդիրները շատ հստակ են ձևակերպված` ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի, որ իրենց կարծիքով անելիք ունեն, գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ անելիքի ժամանակը: Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության», - ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի և սա ապահովելը կառավարության պարտավորությունն է:
«Ամեն ինչ հենց այսպես կլինի: Հույս ունեմ, որ որևէ մեկը չի տրվի իր բախտը փորձելու գայթակղությանը, նկատի ունեմ հայտնի խմբերին ու շրջանակներին, իսկ եթե կտրվի` իր ընտրությունն է, այդ դեպքում ՀՀ օրենքը հստակ ասում է, թե ինչ պետք է անեն իրավապահ ու պետական մարմինները», - շեշտեց ՀՀ վարչապետը:

XS
SM
MD
LG