Մատչելի հղումներ

ԵՄ ներգաղթի հարցերով համակարգող. Ներգաղթի խնդրում անհրաժեշտ են երկարաժամկետ լուծումներ


Aquarius փրկարարական նավակի վրա գտնվող 141 փախստականներն ի վերջո ստացան ապաստան: Դեպի Եվրոպա ներգաղթի խնդիրը շարունակում է մնալ Եվրամիության առաջնային օրակարգում

Եվրոպական 5 երկրներ՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Լյուքսենբուրգն ու Պորտուգալիան համաձայնվել են ընդունել Միջերկրական ծովում գտնվող Aquarius փրկարարական նավի վրա գտնվող 141 ներգաղթյալների:

Փրկարար այդ նավը վերջին օրերին շարունակում էր մնալ ծովում, քանի որ Իտալիայի և Մալթայի իշխանությունները հրաժարվել էին տրամադրել իրենց նավահանգիստներ մտնելու իրավունք: Մալթան ի վերջո արտոնեց Aquarius մուտքը իր նավահանգիստ, որից հետո նավի վրա գտնվող 141 փախստականներ կփոխանցվեն վերոհիշյալ 5 եվրոպական երկրների իրավասության ներքո:

ԵՄ 5 երկրների որոշման մասին հայտարարել է դաշինքի միգրացիոն հարցերը համակարգող Դմիտրիոս Ավրապոլուսը, ով նաև ընդգծեց, որ չնայած խնդիրը կարգավորված է, սակայն անհրաժեշտ են ներգաղթի ոլորտում ավելի երկարաժամկետ լուծումներ:

Փախստականների հետ միասին Aquarius-ի վրա էին գտնվում SOS Mediterranee և Բժիշկներն առանց սահմանի կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանք մեղադրում են իտալական և մալթական իշխանություններին միջազգային նավարկության օրենքը խախտելու մեջ, ըստ որի՝ արգելվում է չթուլյատրել նավերին մուտք գործել ամենամոտ անվտանգ նավահանգիստ:

SOS Mediterranee նշում է որ ներգաղթյալների մեծ մասը Սոմալիից են և Էրեթրիայից: Մինչ այդ նրանք անմարդկային պայմաններում գտնվում էին Լիբիայում:

Դեպի եվրոպական մայրցամաք ներգաղթի խնդիրը շարունակում է մնալ արդիական: Հազարավոր փախստականներ աֆրիկյան երկրներից, Սիրիայից, Աֆղանիստանից փորձում են Միջերկրական ծովի միջոցով ներգաղթել Եվրամիության տարածք՝ փախչելով պատերազմներից, ահաբեկչությունից և աղքատությունից:

Facebook Forum

XS
SM
MD
LG