Մատչելի հղումներ

Ամերիկա-չինական առևտրային պատերազմի բացասական ազդեցությունն ԱՄՆ-ի տնտեսության վրա


ԱՄՆ-ի վարչակազմի նախաձեռնած Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ հավելյալ մաքսատուրքերի սահմանումը բացասաբար է անդրադառնում ԱՄՆ-ի մի շարք ոլորտների ու փոքր բիզնեսների վրա: Դրա վառ օրինակն է Հարավային Քարոլինա նահանգի Ֆեյրֆիլդի մարզը:

Հարավային Քարոլինա նահանգի Ֆեյրֆիլդի մարզի բնակիչներն աստիճանաբար ավելի ու ավելի շատ են զգում Թրամփի վարչակազմի Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ հավելյալ մաքսատուրքերի սահմանման մասին որոշման հետևանքները: Վերջիներս մտահոգված են, որ այդ որոշման արդյունքում կարող է աճել գործազրկությունը մի շարք բիզնեսների փակման պատճառով:

Դրանցից է Element Electronics հեռուստացույցեր արտադրող ընկերությունը, որը օրերս հայտարարել է, որ հոկտեմբերից դադարեցնում է ձեռնարկության գործունեությունը: Պատճառը՝ հեռուստացույցների արտադրման ծախսերի մեծացումն է՝ կապված Չինաստանից ներկրվող հեռուստացույցի պահեստամասերի գների թանկացման հետ հավելյալ մաքսատուրքերի սահմանման պատճառով:

Ավելի քան 100 մարդ դրա արդյունքում կզրկվի աշխատանքից: Այս փաստը մտահոգում է նաև տեղի ռեստորանատերերին:

«Մենք մատուցում ենք մակարոնեղեն, պիցցաներ, աղցաններ: Մենք այս ոլորտում ենք արդեն 7 տարի: Մարդիկ գալիս են այստեղ, պատվիրում սնունդ: Element-ի փակման արդյունքում 126 մարդ կհեռանա այստեղից: Սա փոքր քաղաք է, և տեղի բնակչությունը մեր հիմնական հաճախորդներն են, ուստի այդ մարդկանց հեռացումը զգալի վնաս է մեր քաղաքի տնտեսությանը, հատկապես փոքր գործարարներին»,- ասում է տեղի ռեստորաններից մեկի սեփականատեր Մաքսը:

Այս առումով մտահոգված են նաև տեղի օրենսդիրները:

«Այս քաղաքում գործում են 7-8 ռեստորաններ, որոնք ապավինում են տեղի հաճախորդն երին: Մենք ցանկանում ենք, որ մեր ռեստորանները շարունակեն գործել: Եթե մարդիկ կորցնեն իրենց աշխատանքը, դադարեն հաճախել ռեստորաններ կամ խանութներ այցելել, ապա այս ամենը կանդրադառնա փոքր բիզնեսների վրա»,- ասում է Հարավային Քարոլինայի նահանգային սենատի անդամ Մայք Ֆանինգը:

Ֆանինգը նշում է, որ սկզբնական շրջանում մարդիկ կարծում էին, որ չինական ապրանքների նկատմամբ հավելյալ մաքսատուրքերի սահմանումը կարող է դրական անդրադարձ ունենալ, սակայն հետագայում պարզ դարձավ, որ այն ավելի շատ բացասական է:

Չնայած Հարավային Քարոլինայում շատերն են աջակցում Դոնալդ Թրամփին՝ մաքսատուրքերի այս պատերազմները զգալի վնաս են հասցրել վերջիններիս: Դրա մասին են վկայում տեղի բնակիչները: Այս առումով մտահոգությունները գնալով աճում են:

«Մարդիկ անհանգստանում են, որ եթե այս իրավիճակը շարունակվի և որևէ փոփոխություն չլինի, արդյոք Հարավային Քարոլինան կարող է դիմակայել աճող գործազրկությանը, որը անդրադառնում է մեր տնտեսության վրա: Շուտով ընտրություններն են, և մարդիկ իրենց ձայնը կտան այն թեկնածուին, ով կօգնի իրենց վերադարձնել աշխատանքը»,- ասում է Ֆանինգը:

Հիշեցնենք, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը հայտարարել են, որ օգոստոսի 23-ից իրենցից յուրաքանչյուրը 25 տոկոսով բարձրացնում է մաքսատուրքերը 16 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով ապրանքների վրա: Նախկինում կողմերը հավելյալ մաքսատուրքեր են սահմանել նաև 34 միլիարդ դոլարի չափով ապրանքատեսակների նկատմամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG