Կալիֆոռնիայում շարունակվող Մեդոչինոյի հրդեհ անվանումը ստացած աղետը բաղկացած է երկու հսկայական հրդեհներից, որոնց ընդհանուր մակերեսը 1,200 քառակուսի կիլոմետրից ավելի է, տարածք, որը մակերեսով ավելի մեծ է քան ամբողջ Լոս Անջելես քաղաքը:
Հրդեհի դեմ պայքարի դուրս են եկել բոլորը՝ տեղի հրշեջներին օգնության են հասել գործընկերներն արտերկրից: Նրանց են միացել նույնիսկ Կալիֆոռնիայի բանտերում ոչ ծանր հանցանքների համար պատիժը կրող դատապարտյալները: Միասնական ուժերով հաջողվել է հրդեհը կառավարելի դարձնել, որպեսզի այն չսպառնա հարեւան քաղաքներին:
«Բոլոր հրշեջներն աջակցում են միմյանց: Մեզ մոտ, Նոր Զելանդիա եկել էին ամերիկացիներ՝ օգնելու մեզ Քրիսթչըրչի եւ Քայքուրայի երկրաշարժներից հետո: Այն օրերին ամերիկացիները մեզ փրկության ձեռք մեկնեցին: Մենք էլ այժմ այստեղ ենք», - նշում է հրշեջ Քրեյգ Քոթրիլը, ով ժամանել է Նոր Զելանդիայից:
Մեդոչինոյի հրդեհը մեկն է Կալիֆոռնիա նահանգում շարունակվող 18 հրդեհներից: Կալիֆոռնիայի անտառային եւ հրշեջ ծառայության հաղորդմամբ, նրանց մի մասի պատճառը մարդկային գործոնն է: Օրերս Կալիֆեռնիայում արդեն իսկ ձերբակալել են 51-ամյա մի տղամարդու, ով մեղադրվում է անտառը միտումնավոր հրդեհելու մեջ:
Facebook Forum