ԱՄՆ-ի Օհայո նահանգից երկրի Կոնգրեսի թափուր տեղի համար անցկացվող հատուկ ընտրությունների նախնական տվյալներով փոքր տարբերությամբ առաջ է հանրապետական թեկնածու Թրոյ Բոլդերսոնը։
Բոլդերսոնի հաջողությանը նպաստել է Թրամփի կողմից մի քանի օր առաջ այստեղ կատարված այցը, երբ նա հայատարարում էր, թե դեմոկրատների հաղթանակի դեպքում նրանք կբարձրացնեն հարկերը։
՝՝Ամենուր կտարածվեն հանցագործությունները, ու սահմանի հակառակ կողմից այստեղ կլցվեն մարդկանց խմբեր՛՛, հայտարարում էր Թրամփը։
Ավանդաբար Հանրապետական կուսակցության ջատագով այս նահանգում դեմոկրատ թեկնածուի մեծ թվով ձայներ ստանալու փաստը, սակայն, ինչ որ չափով հաջողություն է դեմոկրատների համար, որոնք թեկնածու Դենի Օքոների շուրթերով հայտարարում են, որ ժողովուրդն արդեն նոր ղեկավարություն է ուզում տեսնել Վաշինգտոնում։
Այն հանգամանքը, որ հանրապետական թեկնածուի հետ ձայների տարբերությունը շատ փոքր է, մեկ անգամ եւս խոսում է Կոնգրեսի եկող ընտրություններում հանրապետականների առջեւ ծառացած մեծ դժվարությունների մասին։
Բրուքինգզ հաստատության վերլուծաբան Ջոն Հուդաքն է նշում, որ 2Օ16 թվականի համեմատ անցած մեկ տարվա ընթացքում հանրապետականներին տրվող ձայների նկատելի պակասը կարող է լինել նոյեմբերյան ընտրություններում պարտություն կրելու նախանշան։
Չնայած ընտրարշավի ժամանակ Թրամփի ցուցաբերած աջակցությունն Օհայոյում ապահովել է հավելյալ ձայներ հանրապետական թեկնածուի համար, նախագահի հակասական կերպարը կարող է նաեւ բացասական դեր խաղալ նոյեմբերյան ընտրություններում հօգուտ դեմոկրատների։
Ամբողջ Կոնգրեսի ընտրությունների ժամանակ ամերիկացիներն ընտրատեղամասեր են գնալու մտքում ունենալով հետեւյալ հարցը՝ ուզու՞մ են հանրապետականների աջակցությամբ Թրամփի քաղաքականության շարունակություն, թե նախընտրում են հանրապետական նախագահի կողքին տեսնել դեմոկրատ մեծամասնությամբ օրենսդիր մարմին։