Մատչելի հղումներ

Արթուր Վանեցյանը մանրամասներ ներկայացրեց Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում խուզարկության արդյունքներից


Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նոր մանրամասներ փոխանցեց Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում կատարված խուզարկությունից: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ԱԱԾ օպերատիվ աշխատանքի արդյունքում ստացվել են տվյալներ, որ թաքցված են զենքեր, որոնք, հնարավոր է, առնչություն ունեն 2008թ. մարտի 1-ին կիրառված զենքերի հետ:

«Սակայն դա դեռ վարկած է, որը դեռ պետք է ստուգվի, արդյունքները պարզ կլինեն փորձաքննության տվյալներից հետո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Վանեցյանը:

ՀՀ ԱԱԾ տնօրենը մանրամասնեց, որ իրենք հայտնաբերել են զենքեր, որոնք կարող են օգտագործված լինել մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ անձանց կողմից, ովքեր չեն եղել որևէ իրավապահ համակարգի ներկայացուցիչ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Ստացված տվյալների հիման վրա 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համատեղ իրականացնում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը:Նախաքննությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG