Չիկագոյի ոստիկանությունն ու քաղաքապետը դիմել են հանրությանը՝ խնդրելով օգնել բացահայտելու այն հանցագործներին, ովքեր պատասխանատու են այս վերջին օրերի հրաձգությունների համար, որի արդյունքում տուժել է շուրջ 66 մարդ: Նրանցից 12-ը մահացել են:
Ոստիկանությունը նշում է, որ շարունակում է հետաքննչական գործողություններ իրականացնել այս ուղղությամբ, սակայն կարիք ունի հավելյալ օգնության:
«Սա սովորական հրաձգություն չէր: Այստեղ ներգրավված էին հանցավոր խմբավորումներ: Մենք գիտենք, թե ովքեր են նրանք, սակայն ցավոք շարունակում ենք ոչինչ չձեռնարկել: Մենք բոլորս, մեր ողջ համայնքը պետք է միասնական լինենք: Դրանից կշահի մեր քաղաքն ու ոստիկանությունը»,- ասել է Չիկագոյի ոստիկանության ներկայացուցիչ Էդի Ջոնսոնը:
Երկուշաբթի օրը Չիկագոյի քաղաքապետ Ռոհմ Էմանուելը կոչ է արել հանրությանը տեղեկություններ տրամադրել իրավապահներին այն անձանց մասին , ովքեր ներգրավված էին այս հանցագործություններում:
Այս տարվա ընթացքում Չիկագոյում տեղի ունեցած հրաձգությունների արդյունքում զոհվել է 300 մարդ: Սա ամենաբարձր ցուցանիշն է ամերիկյան մնացած քաղաքների հետ համեմատ:
Չնայած դրան՝ Չիկագոյի ոստիկանությունը հայտարարում է, որ հրազենային զենքի կիրառումը նվազել է 25 տոկոսով անցած տարվա հետ համեմատ: Հունվար ամսից ի վեր ոստիկանությունը բռնագրավել է շուրջ 5500 անօրինական զենքեր:
Facebook Forum