Մատչելի հղումներ

Կարծիք. Պատժամիջոցները երկարացնում են վարչակարգի կյանքը


ԱՄՆ-ը վերսկսել է տնտեսական պատժամիջոցներն Իրանի դեմ: Վարչակազմը հույս ունի այս միջոցով հակազդել Իրանի ակտիվությանը և նոր համաձայնագիր կնքել: ԱՄՆ-ի այս քայլին չեն աջակցում եվրոպացի դաշնակիցները:

Վաշինգտոնը վերականգնել է տնտեսական պատժամիջոցները Թեհրանի դեմ, որոնք ազդում են իրանական տնտեսության վրա: Սա պատժամիջոցների վերականգնման առաջին փուլն է, իսկ երկրորդը նախատեսված է նոյեմբեր ամսին:

«Այժմ ԱՄՆ-ը դիվանագիտական և ֆինանսական ճնշման է ենթարկում, որպեսզի դադարեցնի իրանյան վարչակարգի միջոցների օգտագործումը, որոնք ուղղված են վարչակարգի ու նրա ավերիչ քաղաքականության աջակցմանը»,- ասում է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Թրամփի վարչակազմը պնդում է, որ 2015 թվականի միջուկային համաձայնագրի կնքման արդյունքում վերացված պատժամիջոցների վերսկսումը հնարավորություն կտա ամերիկյան վարչակազմին կնքել ավելի լավ պայմանների վրա հիմնված նոր միջուկային համաձայնագիր:

«Մենք պատրաստ ենք իրական համաձայնագիր կնքել: Ոչ այնպիսին, ինչպիսին նախորդ համաձայնագիրն էր։ Այն խայտառակություն էր»,- հայտարարել էր նախագահ Թրամփը:

Սակայն իրանական կողմն այլ կարծիքի է:

«Ի՞նչ իմաստ ունի խոսել բանակցություններից, երբ զուգահեռ կիրառվում են պատժամիջոցներ»,- հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Որոշ վերլուծաբաններ չեն կիսում ամերիկյան վարչակազմի պնդումները պատժամիջոցների արդյունավետության մասին:

«Պատժամիջոցները երկարացնում են վարչակարգի կյանքը: Բացի այդ, դրանք գրավում են քրեածին տարրեր, որոնք մեծ գումարներ են աշխատում անօրինական ներմուծումներ կազմակերպելու ընթացքում»,- նշում է տնտեսագետ Սթիվ Հեյնքը:

Եվրամիությունը ևս հակադրվում է ամերիկյան կողմի նախաձեռնությանը՝ մի շարք միջոցառումներ իրականացնելով եվրոպական ընկերություններին ապահովագրելու համար:

Հիշեցնենք, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրն ունի խաղաղ բնույթ: Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Իրանն այսօր ամբողջապես կատարում է 2015 թվականի համաձայնագրի դրույթները: Այդ համաձայնագիրն, ըստ գործակալության, հնարավորություն է ընձեռում ավելի մեծ վերահսկողություն սահմանել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG