Մատչելի հղումներ

«Մոտ ապագայում Վրաստանը չի միանա ՆԱՏՕ-ին»․ Լիտվայի ԱԳ նախարար


՝՝Ազատություն՛՛ ռադիոկայան

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսն այսօր «Ժինյու ռադիյաս» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ մոտ ապագայում Վրաստանը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին:

«Այդ հեռանկարը բավական մշուշոտ է, մոտ ապագայում որոշում չի լինի», - ասել է 2004 թվականից Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցած Լիտվայի արտգործնախարարը: Միաժամանակ, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է Վրաստանի առաջ:

«Դրա ժամանակը կգա, եթե Սաքարթվելոն (Վրաստանը) չհրաժարվի ընտրած ճանապարհից», - ասել է նախարարը, հավելելով, որ Վրաստանը պետք է շարունակի անհրաժեշտ բարեփոխումները:

«Երբ գա ժամանակը, և ՆԱՏՕ-ի անդամները պատրաստ լինեն կոնսենսուսով ընդունել այդ կարևոր քաղաքական որոշումը, երկիրը դրան պետք է պատրաստ լինի, այլապես պետք է մեղադրես միայն ինքդ քեզ», - ասել է Լինկյավիչուսը:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նշում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հուլիսի 12-ին, ժամկետներ չհայտնելով, վերահաստատել է, որ դաշինքը մտադիր է անդամություն տրամադրել Վրաստանին:

2008 թվականին Բուխարեստում գումարված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անդամ երկրների ղեկավարները խոստացել են, որ Վրաստանը և Ուկրաինան ժամանակի ընթացքում կմիանան Հյուսիսատլանտյան դաշինքին:

XS
SM
MD
LG