ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները ուժի մեջ են մտնում երեքշաբթի օրը, որոնք կարգելափակեն Իրանի հնարավորությունները՝ դոլար գնելու, ոսկու, այլ թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղների, ածխի և տեխնոլոգիաների հետ կապված գործարքներ կնքելու ուղղությամբ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը նախատեսում է ամբողջապես կիրառել պատժամիջոցների փաթեթը՝ Իրանի նկրտումներին հակազդելու համար: Այս պատժամիջոցների վերականգնումը հնարավոր դարձավ Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս բերման արդյունքում:
Իրանն իր հերթին մեղմացրել է օտարերկրյա արժույթի փոխանակման համար գործող կանոնները ՝ պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու համար: Ապրիլ ամսից ի վեր այն արժեզրկվել է շուրջ 50 տոկոսով: Վերլուծաբանները կանխատեսում են ծանր հետևանքներ իրանական տնտեսության համար, սակայն գտնում են, որ Եվրամիության ու ԱՄՆ-ի միջև այս հարցում եղած տարաձայնությունը հնարավորություն է ընձեռում Ռուսաստանին ու Չինաստանին՝ ավելի սերտ համագործակցել Թեհրանի հետ: Հիշեցնենք, որ Եվրամիությունը դեմ է միջուկային համաձայնագրի դադարեցմանը և փորձում է պահպանել այն:
Ի պատասխան Վաշինգտոնի գործողությունների, Բրյուսելը վերանայում է իր կանոնադրությունը՝ փորձելով ապահովագրել եվրոպական այն ընկերություններին, որոնք տնտեսական հարաբերությունների մեջ են Իրանի հետ: Դրա մասին է հաղորդել Եվրամիության հանձնաժողովի խոսնակ Մինա Անդրեևան:
Վերջինս նշել է, որ համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում Եվրամիության կանոնադրության վերանայման ուղղությամբ, որոնք ուժի մեջ են մտնելու օգոստոսի 7-ին:
Դաշինքի կանոնադրությունն այն փաստաթուղթն է, որը եվրոպական ընկերություններին հնարավորություն է տալիս շրջանցել ամերիկյան պատժամիջոցներն ու համապատասխանել միայն դաշինքի օրենսդիր դաշտին:
Facebook Forum