Մատչելի հղումներ

Ռուսաստանը պնդում է, որ սպանված լրագրողները խոշտանգման չեն ենթարկվել, բայց լուսանկարները տալիս են այլ պատկեր


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կենտրոնաֆրիկայի հանրապետությունում սպանված ռուսաստանցի լրագրողների մարմինների վրա կան հրազենային վնասվածքներ, սակայն չկան խոշտանգման հետքեր: Զախարովայի հայտարարությունը հիմնված է Կենտրոնաֆրիկայի հանրապետությունում Ռուսաստանի դեսպանության տրամադրած տեղեկության հիման վրա:

Հիշեցնենք, որ օրերս ռուսական և տեղական մամուլի միջոցները հաղորդել են, որ ռուսաստանցի երեք լրագրողներ սպանվել են Կենտրոնաֆրիկայի հանրապետության տարածքում Սիբութ քաղաքից ոչ հեռու:

ՌԴ արտգործնախարարության մամլո խոսնակը չտրամադրեց այլ մանրամասներ, ինչպես նաև զերծ մնաց որևէ մեկնաբանությունից Կենտրոնաֆրիկայի հանրապետության կառավարության հայտարարության մասին:

Այդ հայտարարությունը ևս չի տրամադրել որևէ մանրամասնություն սպանության բնույթի մասին:

Ըստ Կենտրոնաֆրիկայի հանրապետության խորհրդարանի անդամ Մարսելին Յոյոի՝ Սիբուտից ոչ հեռու սպանված լրագրողների մարմինները հայտնաբերելուց հետո ոստիկանությունը դրանք փոխանցել է ՄԱԿ-ի գրասենյակին, որը ևս որևէ տեղեկություն չի տրամադրել, թե ինչ վիճակում են եղել սպանված լրագրողների մարմինները:

Հակառակ Զախարովայի հայտարարության խոշտանգման հետքերի բացակայության մասին, տեղական ֆրանսալեզու լրատվական աղբյուրներից մեկը հրապարակել է սպանված լրագրողներից երկուսի՝ Ալեքսանդր Ռաստարգուևի և Օրհան Ջեմալի մարմինների լուսանկարները:

Այս լուսանկարներում երևում է, որ երկու մարմինների վրա կան բազմաթիվ հրազենային վնասվածքներ, սակայն կան նաև այլ տեսակի վնասվածքներ, որոնք հրազենային չեն և վկայում եմ, որ նրանց նաև խոշտանգել են:

Polygraph.info ևս ստացել է մի շարք լուսանկարներ, որոնք ուղարկվել են փորձագիտական քննության: Փորձագետների անունները չեն հրապարակվում: Ըստ վերջիններիս եզրակացության, Զախարովայի հայտարարությունը կարող է կասկածի տակ առնվել:

ԱՄՆ-ի հատուկ զորքերի փոխգնդապետ Ռոբերտ Շաեֆերը, ով այժմ արդեն անցել է թոշակի, ևս հաստատում է այս կարծիքը՝ ընդգծելով, որ լրագրողների լուսանկարները չափազանց կասկածելի են դարձնում խոշտանգումների բացակայության մասին Զախարովայի հայտարարությունը:

Պաշտոնաթող փոխգնդապետի կարծիքով, հավանաբար լրագրողների մարդասպանները նրանց չէին հարցաքննել: Հակառակ պարագայում նրանց մարմինների վրա կլինեին նաև այլ տեսակի հետքեր:

Այս պահին բացակայում է որևէ հստակ տեղեկություն Կենտրոնաֆրիկայի հանրապետության իշխանություններից կամ ՄԱԿ-ից սպանության բնույթի մասին, ուստի սպանության բնույթի հետ կապված որակումը մնում է «ոչ պարզ» և կարիք ունի հետագա քննության:

Facebook Forum

XS
SM
MD
LG