Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը չի հանձնում թուրք կրոնավորին Թուրքիային, Թուրքիան չի հանձնում ամերիկացի կրոնավորին ԱՄՆ-ին


ԱՄՆ-ը չի հանձնում թուրք կրոնավորին Թուրքիային, Թուրքիան չի հանձնում ամերիկացի կրոնավորին ԱՄՆ-ին
please wait

No media source currently available

0:00 0:01:42 0:00

Ավետարանական եկեղեցու ամերիկացի հոգեւորական Էնդրու Բրանսոնին, որին Թուրքիայում ձերբակալել են ձախողված հեղաշրջման մասնակից լինելու մեղադրանքով, բանտից տեղափոխել են տնային կալանքի։ Սակայն Թուրքիայի իշխանությունները մերժում են նրան Միացյալ Նահանգներ ուղարկելու Վաշինգտոնի պահանջը՝ նույնիսկ անտեսելով փոխնախագահ Մայք Փենսի նախազգուշացումները։

Վերջինս ասել է, որ եթե անմեղ այդ մարդուն անհապաղ ազատ չարձակեն, Միացյալ Նահանգները նշանակալի պատժամիջոցներ կիրականացնի ընդդեմ Թուրքիայի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն, անտեսելով նախազգուշացումը, եւ հիշեցնելով ՆԱՏՕ-ում իրենց համերաշխությունը, հայտարարել է, թե սպառնալիքները չեն կարող խախտել իր երկրի արդարադատության անկախությունը։
Էրդողանի հայտարարությունից հետո Թրամփի վարչակազմը չորեքշաբթի օրը պատժամիջոցներ սկսեց ընդդեմ թուրք երկու պաշտոնյաների։
Ինչպես Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերս ասաց, Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սկսում Թուրքիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարարների նկատմամբ, որոնք երկուսն էլ կենտրոնական դեր են ունեցել ամերիկացի հոգեւրոականի ձերբակալման ու կալանավորման գործում։ Նրա խոսքերով, այս երկու նախարարների այն գույքը կամ այլ կարողություններ, որոնք գտնվում են ԱՄՆ-ի իրավասության ներքո, դրվում են կալանքի տակ, Ամերիկայի քաղաքացիներին էլ արգելվում է նշված անձանց հետ ֆինանսական որեւէ փոխանցում։

ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններն արդեն լարված էին։ Անկարային զայրացնում է այն հանգամանքը, որ Վաշինգտոնն աջակցում է Սիրիայում եւ Իրաքում Դաեշի դեմ պայքարող քրդական ուժերին։

Առանց այն էլ լարված այս հարաբերություններում մի նոր բիծ է հայտնվում Բրանսոնի հետ կապված խնդրի պատճառով։ Բացի այդ՝ Միացյալ Նահանգները մերժել է Փենսիլվանիա նահանգում բնակվող թուրք կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենին իրեն հանձնելու Անկարայի պահանջը։ Վաշինգտոնը հայտարարում է, թե Թուրքիան չի ներկայացրել բավարար փաստեր, ապացուցելու համար, որ Գյուլենն ունեցել է մասնակցություն հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։

Այսպիսով՝ ԱՄՆ-ը չի հանձնում թուրք կրոնավորին Թուրքիային, Թուրքիան չի հանձնում ամերիկացի կրոնավորին ԱՄՆ-ին։

Երկու հոգեւորականներին փոխանակելու Անկարայի պահանջն էլ մերժում է ստանում Վաշինգտոնում։



XS
SM
MD
LG