Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները կոչ են արել Թրամփին հանդիպել Փաշինյանին


Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ցույցերն ու թավշյա հեղափոխությունը կարող են օրինակ ծառայել ժողովրդավարության տենչացող այլ ժողովուրդների համար: Այս մասին նախագահ Թրամփին ուղղված իրենց նամակում հայտնել են Միացյալ Նահանգների չորս տասնյակից ավելի կոնգրեսականներ, ովքեր ԱՄՆ-ի նախագահին կոչ են արել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Հեղափոխությունից հետո իշխանության խաղաղ փոխանցումը պարզ ապացույցն է հայ ժողովրդի կամքի, որը միանշանակ ի ցույց դրեց արդար, առավել ժողովրդավար պետություն կառուցելու իր ցանկությունը», - նշում են նամակը ստորագրած 48 կոնգրեսականները: Նրանց համոզմամբ, Միացյալ Նահանգների համար չափազանց կարեւոր է Հայաստանի նման գործընկերոջ հետ հարաբերությունները խորացնել բոլոր մակարդակներով:

«Անկասկած, ձեր հանդիպումը վարչապետ Փաշինյանի հետ կնպաստի այդ նպատակին եւ կամրապնդի երկու երկրների միջեւ երկխոսությունը», - գրում են կոնգրեսականները Դոնալդ Թրամփին:

Կոնգրեսի անդամները կոչ են արել նաեւ Միացյալ Նահանգների վարչակազմի մյուս բարձրաստիճան անդամներին հանդիպումներ կազմակերպել իրենց հայաստանյան գործընկեր նախարարների հետ՝ երկու երկրների միջեւ կարեւարոգույն կամուրջներ հաստատելու նպատակով: Օրենսդիրները նաեւ կոչ են արել ԱՄՆ-ի գործադիրին ընդլայնել առեւտրատնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ:

Կոնգրեսականների կոչին միանում է նաեւ ԱՄՆ-ի հայ համայնքը: Հայ դատի վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի խոսքով Վաշինգտոն-Երեւան լայն երկխոսությունն անհրաժեշտ է բոլոր մակարդակներով:

«Այն պետք է սկսվի ԱՄՆ-ի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպումից եւ շարունակվի կառավարությունների բոլոր մակարդակներում՝ քաղաքական, ռազմական եւ հատկապես տնտեսական հարցերի շուրջ»:

Համբարյանի խոսքով, Միացյալ Նահանգների օրենսդիրներն անում են այն, ինչ արել են տասնամյակներ շարունակ՝ առաջ տանում հայ-ամերիկյան հարաբերությունները:

«Այս գործընթացը սկսվել է Առաջին հանրապետության տարիներին եւ շարունակվում է մինչ մեր օրերը: Երեւի թե, ամբողջ առաջընթացը, որի ականատեսն ենք եղել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում, առաջ է մղվել ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների կողմից»:

Դոնալդ Թրամփին հղված իրենց նամակի վերջաբանում կոնգրեսականներն ընդգծում են՝ «հեռանկարում, մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանը որպես զարգացած, ժողովրդավար պետություն Եվրասիայի տարածքում»:

Facebook Forum

XS
SM
MD
LG