Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփը սպառնում է փակել կառավարությունը սեպտեմբերին


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի Կոնգրեսի նկատմամբ՝ փորձելով ստանալ խորհրդարանի համաձայնությունը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման հարցում:

Անօրինական ներգաղթի հիմնախնդիրը նախագահ Դոնալդ Թրամփի օրակարգային հարցերից է: Վերջինս կոշտ միջոցների կողմնակից է այս հիմնախնդրի կարգավորման համար:

Վերջերս իր թվիթերյան գրառման մեջ նախագահը հայտնել է, որ չի հապաղի դադարեցնել կառավարության գործունեությունը սեպտեմբերին, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը իր համաձայնությունը չտա Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցմանը: Դա նախագահ Թրամփի նախընտրական խոստումներից մեկն է:

Նա նաև ակնարկել է, որ ներգաղթի քաղաքականության և պատի կառուցման հարցում պատրաստ է բանակցությունների քաղաքական ուժերի հետ:

Պատի կառուցման հետ մեկտեղ նախագահ Թրամփի վարչակազմն առաջ է քաշում գրին քարդի խաղարկության վերացման առաջարկը, որն, ըստ նախագահի, պետք է փոխարինվի ներգաղթի մեկ այլ օրինական ձևով, ուր հաշվի կառնվեն ներգաղթի համար դիմողի մասնագիտական ունակություններն ու կրթությունը:

Հիշեցնենք, որ նախկինում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը երկու անգամ դեմ է քվեարկել նախագահի աջակցությունը վայելող օրինագծերին ներգաղթի հարցում:

Այն փաստը, որ այս տարվա նոյեմբերին պետք է տեղի ունենան ընտրություններ ևս կարող է խոչընդոտել պատի կառուցման շուրջ օրենսդիրների քննարկումների ու բանավեճերի անցկացմանը, քանի որ նախքան ընտրությունները վերջիններս չեն ցանկանում ներգրավվել հակասական հիմնախնդիրների շուրջ քննարկումներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG