1977 թվականի օգոստոսին խորհրդային հետախուզությունը բացահայտեց, որ Հարավային Աֆրիկայի Կալահարիի անապատում իրականացվում են միջուկային զենքի փորձարկումներ:
«Խորհրդային Միությունը չուներ դիվանագիտական հարաբերություններ ապարտեիդ վարչակարգի հետ, սակայն ուներ հետախուզություն, որը կասկածում էր, որ այնտեղ են ընթանում միջուկային փորձարկումներ: Արդյունքում խորհրդային կողմն այս տեղեկությունը տրամադրեց ԱՄՆ-ին, որը հարաբերություններ ուներ Պրետորիայի հետ, օգնում էր վերջինիս խաղաղ միջուկային էներգիայի հարցում, սակայն չուներ որևէ հետաքրքրություն թույլ տալու, որ Հարավային Աֆրիկան ձեռք բերեր միջուկային զենք»,- ասում է Ռազմավարական հետազոտությունների միջազգային հաստատության ներկայացուցիչ Նիք Ռեդմանը:
Այդ օրերին Պրետորիան հերքել էր միջուկային զենքի պատրաստման մեղադրանքները, սակայն ամերիկյան հետախուզության տվյալները խոսում էին հակառակի մասին, ուստի ամերիկյան կողմը ճնշում գործադրեց այս նախաձեռնության դադարեցման համար: 1993 թվականին Հարավային Աֆրիկայի միջուկային հետազոտության այդ կենտրոնը վերացվեց միջազգային փորձագետների ներկայությամբ:
Սա միջուկային զենքի չտարածման հարցում ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև համագործակցության չափազանց լավ օրինակ էր: 1970 թվականին այս տերությունների միջև երկխոսությունը հանգեցրեց Չտարածման մասին համաձայնագրին:
Սակայն այսօր, ինչպես նշում է Ռազմավարական հետազոտությունների միջազգային հաստատության զեկույցը, Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա Կարիբյան ճգնաժամից ի վեր:
«Անհրաժեշտ է ջանք գործադրել նախկին համագործակցության սովորությունները վերականգնելու համար, քանի որ վտանգը վերացված չէ: Դեռևս կան միջուկային զենքեր, որոնք այնքան էլ անվտանգ չեն, իսկ աշխարհում այսօր կան շատ ավելի մեծ քանակությամբ միջուկային նյութեր»,- ասում է Ռեդմանը:
Այսօր նկատվում են սպառազինությունների նոր մրցավազքի նախանշաններ՝ կապված ռուսական կողմի մարտավարական միջուկային զենքերի ոլորտի զարգացման ու ամերիկյան կողմի միջուկային իր զինանոցի արդիականացման հետ, իսկ 2017 թվականի միջուկային զենքի արգելման վերաբերյալ համաձայնագիրն այդպես էլ չստորագրվեց միջուկային որևէ տերության կողմից:
«Եթե ԱՄՆ-ը ու Ռուսաստանը չհամագործակցեն, ապա կարող են արագ կորցնել իրենց գերիշխող դիրքերը միջուկային զենքի չտարածման ոլորտում»,- ասում է Ռեդմանը:
Զեկույցը կոչ է անում Մոսկվային ու Վաշինգտոնին դասեր քաղել Սառը պատերազմի պատմությունից, քանի որ աշխարհը դեռևս շարունակում է առերեսվել միջուկային սպառնալիքին:
Facebook Forum