Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե հարկավոր է բոլոր պետություններին հորդորել, որպեսզի նրանք ճնշումներ բանեցնեն Իրանի վրա՝ թույլ չտալու համար շարունակել միջուկային ծրագիրը։
Սակայն հարցին, թե ինքը կցանկանար հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռուհանիին, Թրամփն ասել է, թե պատրաստ է հանդիպել իրանական կողմից համար հարմար որեւէ ժամանակ եւ առանց որեւէ նախապայմանի։ Նա ասել է, թե հանդիպումներն օգտակար են վտանգավոր լարվածությունները մեղմելու համար, եւ շեշտել, որ արդյունավետ են եղել իր Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի առաջնորդների հետ իր հանդիպումները։
՝՝Ես անշուշտ կհանդիպեի Իրանի առաջնորդների հետ։ Չգիտեմ, նրանք պատրաստ են դրան, թե ոչ։ Չնայած ես դադարեցրել եմ Իրանի հետ կնքված միջուկային գործարքը, բայց կարծում եմ, որ նրանք ի վերջո կհամաձայնեն հանդիպել՛՛, ասել է Թրամփը։
Թեհրանում մինչ այդ պարբերաբար են բացառել Վաշինգտոնի հետ որեւէ բանակցություն անցկացնելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը վստահելի չէ։
ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ լարված հարաբերություններն ունեն երկար պատմություն, որը սկսվեց 1976 թվականին, երբ Թեհրանում իշխանությունը վերցրին կրոնավորները։ Թրամփը նոր զայրույթ առաջ բերեց Իրանում մայիս ամսին, երբ նա Միացյալ Նահանգները դուրս բերեց 2Օ15 թվականին Իրանի հետ կնքված միջուկային միջազգային համաձայնագրից։ Թրամփը գտնում է, որ պայմանագիրը շատ թույլ է եւ որ պիտի խստացվեն պայմանագրի պահանջները։
Իրանի նախագահը մի քանի օր առաջ նախազգուշացրեց, որ Թրամփի քաղաքականությունը կարող է տանել դեպի պատերազմ, որը նրա խոսքերով կարող է դառնալ ՝՝բոլոր պատերազմների մայրը՛՛։ Իսկ Իրանի հեղափոխական պահակազորի հրամանատար, գեներալ Քասիմ Սոլեյմանին սպառնաց։ Իր խոսքն ուղղելով Թրամփին՝ նա ասաց. ՝՝Լավ իմացեք, մենք մոտ ենք ձեզ այնտեղ, որտեղ չեք էլ պատկերացնում՛՛։
Սակայն հիմա Իրանն ավելի շատ մտահոգվելու կարիք ունի տնտեսական առումով, քան ռազմական, քանի որ պատժամիջոցների արդյունքում արտասահմանյան որոշ ընկերություններ դուրս են գալիս Իրանից, ինչը կարող է լրջորեն վնասել այս երկրի տնտեսությունը։