Մատչելի հղումներ

Հայաստանն ակտիվ քննարկումներ է վարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցի շուրջ


Քանի դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր խորհուրդը որոշում չի կայացրել գլխավոր քարտուղարի վերաբերյալ, Յուրի Խաչատուրովը շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Անդրադառնալով ավելի վաղ արած հայտարարությանն այն մասին, որ հայկական կողմն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը, Բալայանն ընդգծեց, որ այդ քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին: «Այս առնչությամբ ինտենսիվ քննարկումներ են ընթանում մեր գործընկերների հետ»,- նշեց նա:

ԱԳՆ խոսնակն ընդգծեց, որ քննարկումների ու կոնսենսուսի միջոցով պարզ կլինի, թե ով, ինչպես ու ինչ ժամկետներում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինելու Խաչատուրովին:

Բալայանն անդրադարձավ նաև Խաչատուրովին ներկայացված մեղադրանքի ու հնարավոր անձեռնմխելիություն ունենալու մասին հարցին՝ ասելով. «Դատավորը մեզ դիմել էր պարզելու՝ նա ունի անձեռնմխելիություն, թե ոչ: Ես այժմ չեմ կարող հրապարակել մեր պատասխանի բովանդակությունը, որովհետև համոզված չեմ՝ դատավարական գաղտնիք կհրապարակեմ, թե ոչ: Կարող եմ ասել, որ պարոն Խաչատուրովի գործին կցված է մեր պատասխանը: Նրա անձեռնմխելիությունը սահմանվում է ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին 2002 թվականի հոկտեմբերի 7-ի համաձայնագրում: Կարծում եմ՝ դատավորը վճիռ կայացնելիս հաշվի է առել մեր պատասխանը»:

Հուլիսի 28-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցած դատական նիստում բավարարվել էր Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Խաչատուրովն ազատ էր արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց:

Նա ավելի վաղ դատարան ժամանելիս հայտնել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքները:

Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

XS
SM
MD
LG