Մատչելի հղումներ

Ռուսաստանում բողոքում են ընդդեմ կառավարության, մյուս կողմից` գովում Պուտինի կառավարումը


Ռուսաստանում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացնում թոշակի անցնելու տարիքը տղամարդկանց համար 60-ից 65 եւ կանանց համար 55-ից 63 բարձրացնելու կառավարության որոշման դեմ: Նրանք հիշեցնում են, որ այս երկրում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 66 տարին է, ինչը նշանակում է, որ աշխատանքային հանգիստ վայելելու համար իրենց մնում է ընդամենը մեկ տարի:

Ռուսաստանի մայրաքաղաքում Կոմունիստական կուսակցության, արհեստակցական միությունների ու ձախակողմյան մի շարք խմբերի կողմից կազմակերպված ցույցերի մասնակիցների թիվը կազմում էր ավելի քան տասը հազար մարդ:

‘’Այն ինչ անում է Պուտինը, պարզապես ճիշտ չէ’’, ասում են թոշակային տարիքը բարձրացնելու կառավարության որոշման դեմ հանդես եկող ցուցարարները:

Թոշակային տարիքը տղամարդկանց համար 60-ից 65 եւ կանանց համար 55-ից 63 բարձրացնելու կառավարության որոշման դեմ անցկացվող ցույցերին մասնակցող Պուտինի քաղաքական հակառակորդ Ալեքսեյ Նավալին այս որոշումն անվանում է կողոպուտ:

Սակայն Ռուսաստանում մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր, հիշելով 1980-ականներին Ռուսաստանի դիրքերի անկումը, այսօր հպարտանում են Ռուսաստանը նորից համաշխարհային ուժ դարձնելու գործում Պուտինի կարեւոր դերը:

Այս մթնոլորտն էր կիրակի օրը տիրում Սանկտ Պետերբուրգում անցկացվող Ծովային ուժերին նվիրված շքերթի ժամանակ:

Բայց ընդդիմության ակտիվիստներն ասում են, թե ավելի արդար եւ ազատ Ռուսաստան կառուցելու իրենց կողնակիցների թիվն ավելանում է:

‘’2011 թվականի շարժմանը մասնակցած երիտասարդներն այսօր ավարտել են համալսարանները եւ շուտով դառնալու են քաղաքական գործիչներ: Այստեղ եմ ես տեսնում մեր երկրում փոփոխության հիմքը’’, ասում է քաղաքային խորհրդի անդամ Անաստասիա Բրյուխանովան:

Շատերն են հիմնական խնդիրը տեսնում անարդար ընտրությունների մեջ, ինչի արդյունքում է սովորաբար սկսվում բողոքի համընդհանուր ալիք, ինչի արդյունքում է այդ ալիքը վերածվում քաղաքական ցունամիի, եւ ինչի ճիշտ կառավարման արդյունքում է այդ ցունամին տապալում հինը` բացելով նորի ու հույսի իրականացման ճանապարհ:

XS
SM
MD
LG