Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենն արել է ուշագրավ հայտարարություն,՝ պնդելով, որ նախագահ Թրամփը տեղյակ էր իր հարազատների ու ռուսաստանցի գործիչների միջև նյույորքյան իր հյուրանոցում՝ Թրամփ Թաուերում տեղի ունեցող հանդիպման մասին: Հիշեցնենք, որ հանդիպումը նվիրված էր դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնի մասին բացասական տեղեկության տրամադրմանը: Որոշ աղբյուրների համաձայն Քոհենն այժմ ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի վերաբերյալ դաշնային հետաքննչական խմբի հետ:
Նախագահ Թրամփը բազմիցս հերքել է այս հանդիպման մասին տեղեկացված լինելու մեղադրանքները: Նրա փաստաբաններն այժմ պատրաստվում են հայցով դիմել դատարան ընդդեմ Քոհենի:
«Չգիտեմ ինչ է պատահել նրան: Մի քանի ամիս առաջ նա նման սուտ տեղեկություն չէր տրամադրում: Ես չգիտեի, որ նա այնպիսի փաստաբան է, ով գաղտնի ձայնագրում է իր պաշտպանյալին»,- նշել է Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին:
Հիշեցնենք, որ մեկ այլ սկանդալի շրջանակում Մայքլ Քոհենը, ով երկար տարիներ ներկայացրել է Թրամփի շահերը, հայտնել էր, որ իր տրամադրության տակ կա ձայնագրույուն, ուր Թրամփը քննարկում է Playboy ամսագրի մոդելին վճարելու հարցը:
Նախագահ Թրամփը ևս արձագանքել է Քոհենի հայտարարությանը: Իր թվիթերյան գրառման մեջ նա նշել է, որ տեղյակ չի եղել իր որդու`՝ Թրամփ կրտսերի հանդիպման մասին և մեղադրել Քոհենին նման պատմություն հորինելու մեջ:
Այս առումով դեռևս լռում է Ռուսաստանի վերաբերյալ նախաքննության ղեկավար Ռոբերտ Մյուլերը: Միևնույն ժամանակ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով բարձր դիրք է զբաղեցնում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզական ծառայությունների գծով հանձնաժողովում, ևս մտահոգություն է հայտնել այս առիթով:
Իր հերթին հանրապետական կողմն ընդգծում է, որ Թրամփի անցյալի վրա այդչափ մամուլի կենտրոնացումը խանգարում է կենտրոնանալ ընթացիկ վտանգների ու խնդիրների վրա:
«Պետք է գիտակցենք, որ ռուսները փորձում են ներգրավվել մեր ընտրություններին բոլոր միջոցներով և օգտագործել այս ամենն ընդդեմ մեր ժողովրդավարության: Այս ամենը պարտադրում է պատժամիջոցների պահպանում և մեր կառավարության կողմից` արագ արձագանք»,- նշում է հանրապետական սենատոր Ջեյմս Լանկֆորդը:
Իսկ Ռոբերտ Մյուլերի գլխավորած հետաքննությունը շարունակում է իր աշխատանքները: Նախագահ Թրամփի մերձավոր շրջապատի նախկին մի շարք ներկայացուցիչներ ներգրավված են այս հետաքննության շրջանակում և որոշ աղբյուրների համաձայն ակտիվորեն համագործակցում են հետաքննչական խմբի հետ:
Facebook Forum