ԱՄՆ-ի միաջանկյալ ընտրությունների ժամանակ, ինչպես պատմությունն է ցույց տվել, հիմնականում հաղթում է գործող նախագահի կուսակցության մրցակից կուսակցությունը: Ներկա նախագահ Դոնալդ Թրամփի հակասական կերպարն այդ առումով ավելի մեծ քանակությամբ ջուր է լցնում դեմոկրատների ջրաղացին: Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմելու համար նրանց անհրաժեշտ է մոտավորապես երկու տասնյակ հավելյալ աթոռ: Սենատում իրենց վերահսկողությունը վերահաստատելու համար բավարար է երկու հավելյալ աթոռը:
Լավ իմանալով պատմությունը եւ գնահատելով իր վարած քաղաքականության մեջ հաճախ հակասական դրսեւորումները եւ ընտրությունների վրա դրանց հնարավոր ազդեցությունը` Թրամփը հորդորում է իր աջակիցներին մոռանալ պատմության դասերը եւ ամեն կերպ ապահովել հանրապետականների հաղթանակը:
‘’Այնպես որ երկու կողմերը միջանկյալ այս ընտրությունները համարում են ինչ որ կերպ հանրաքվե Թրամփի նկատմամբ’’, ասում է Վիրջինիայի համալսարանի դասախոսներից Լարրի Սաբաթոն:
Բրուքինգզի հաստատությունից Էլեյն Քամարքի խոսքերով, ‘’Հաշվի առնելով Թրամփի ցածր վարկանիշը եւ նախորդ միջանկյալ ընտրությունների փորձը, դեմոկրատներն ամենայն հավանականությամբ մեծ թվով աթոռներ հետ կբերեն: Պարզապես հարցն այն է’’, ասում է նա, ‘’դեմոկրատները կգան որպես սովորական մի ալիք թե ականատես կլինենք դեմոկրատական ցունամիի: Հինգ աթոռ հետ ստանալը բավարար չէ, հիշեցնում է նա, ու ավելացնում, որ Ներկայացուցիչների պալատում հարկավոր է առնվազն երկու տասնյակ հավելյալ տեղ:
Կան վերլուծաբաններ, ինչպես Թրամփի նախընտրական արշավի նախկին կառավարիչ Քորի Լյուանդովսկին, ովքեր ասում են, որ չնայած դեմոկրատները հավանաբար կվերցնեն մի քանի աթոռ, հանրապետականները մեկ կամ երկու ձայնով կկազմեն առավելություն:
Հիշեցնենք, որ միջանկյալ ընտրությունների ժամանակ ընտրում են Ներակայացուցիչների պալատի բոլոր 435 կոնգրեսականներին, եւ 100 տեղանոց Սենատի մեկ երրորդին: Մինչեւ ընտրությունները մնացել է 100 օր: