Մատչելի հղումներ

Տեսլայի նոր գնորդները աստիճանաբար կորցնում են հարկային արտոնությունները


Տեսլա տեսակի էլեկտրկան ավտոմեքենաների նոր խմբաքանակի մուտքը շուկա ձգձգվում է: Տեսլան անցել է 200 000 ավտոմեքենայի վաճառքի շեմը, որից հետո հարկային արտոնությունները պետք է վերանան:

Տեսլա ավտոմեքենաների սիրահարներն անհամբեր սպասում են վերջինիս 3-րդ մոդելին, որը դեռևս դուրս չի բերվել շուկա:

Բազմաթիվ ամերիկացիներ վճարել են 1000 դոլար կազմող կանխավճար ՝ այս ավտոմեքենայի սեփականատեր դառնալու համար: Դրա հետ մեկտեղ սակայն նրանց մտահոգում է, որ հաջորդ տարուց կարող է վերացվել շուրջ 7500 ԱՄՆ-ի դոլարի հարկային արտոնությունը այս ավտոմեքենաների համար, քանի որ անցած շաբաթ Տեսլայի վաճառքը գերազանցեց 200 000 ավտոմեքենայի շեմը, որից հետո հարկային արտոնությունների տրամադրումն այլևս չի գործում:

Այսպիսով հարկային այս արտոնությունները ստանալու համար Տեսլայի գնորդները պետք է գնեն ավտոմեքենայի նոր մոդելը մինչև այս տարվա ավարտը:

Սակայն այդ առումով կան օբյեկտիվ խոչընդոտներ, քանի որ դեռևս շուկայում չկան բավարար քանակությամբ նոր Տեսլաներ:

Տեսլայի գնորդները կշարունակեն ստանալ ամբողջական հարկային արտոնությունների փաթեթ մինչև այս տարվա վերջ: Այնուհետև այն կնվազեցվի մինչև 3750 ԱՄՆ դոլար 6 ամսվա համար և 1875 դոլար մնացած ամիսների, մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Մոդել 3-ի նախնական գինը պետք է լիներ 35000 դոլար, սակայն գինը բարձրացավ: Դրա հետ մեկտեղ վերացվում են հարկային արտոնությունները: Դա կարող է հանգեցնել մարդկանց հիասթափությանը»,- ասում է ավտոմեքենաների շուկայի փորձագետ Մայքլ Քրեբը:

Տեսլայի սիրահար Քեյֆ Ռեյնոլդսը Կալիֆոռնիայից պատմում է, թե ինչպես է կարողացել հայտնվել Մոդել 3-ի նախնական պատվերի ցուցակի առջևի տեղերում:

«Երբ իմացա, որ մոդել 3-ը պատրաստվում է դուրս գալ, առավոտյան ժամը 4-ի կողմերը հասա Ատլանտա: Ես արդեն 20-րդն էի ցուցակում 1000 դոլար կանխավճար տալու համար»,- ասում է Ռեյնոլդսը:

Նրան ևս հրապուրել է Տեսլայի համեմատաբար ցածր գինը:

«Իմ որոշումը կապված էր ցածր գնի և հարկային արտոնությունների տրամադրման հետ: Նախկին մոդելները թանկարժեք են, ուստի չէինք կարող թույլ տալ մեզ գնել դրանք»,- ասում է Ռեընոլդսը:

Նա հավաստիացրեց, որ առանց հարկային արտոնությունների չէր գնի այս ավտոմեքենան:

Տեսլան որևէ մեկնաբանություն չի տրամադրել ստեղծված իրավիճակի մասին:

Սակայն եթե գնորդները դատական հայցով դիմեն դատարան ընդդեմ Տեսլայի, ապա դա չափազանց բացասաբար կանդրադառնա ընկերության վրա ինչպես ընկերության վարկանիշի, այնպես էլ ֆինանսական կայունության:

Ընկերության ղեկավար Էլոն Մասքը խոստացել է , որ այս տարվա երկրորդ կեսը կդառնա ավելի եկամտաբեր ընկերության համար: Վերջին շրջանում ընկերությունն ավելի շատ կորուստներ է գրանցել:

Facebook Forum

XS
SM
MD
LG