Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը թույլ չի տա, որ 11 ամերիկացիներին հարցաքննեն Ռուսաստանում


ԱՄՆ-ը թույլ չի տա, որ 11 ամերիկացիներին հարցաքննեն Ռուսաստանում
please wait

No media source currently available

0:00 0:02:20 0:00

Միացյալ Նահանգները մեղադրանքներ է ներկայացրել ռուս պաշտոնատար 12 անձանց դեմ, նրանց կասկածելով ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավի օրերին Դեմոկրատական կուսակցության համակարգիչներում հաքերային գործունեություն իրականացնելու մեջ: Ռուսաստանը համաձայնել է թույլ տալ ամերիկացի հետաքննիչներին հարցաքննել նշված ռուսներին: Սակայն դրել է պայման, որ ռուսական կողմն էլ պիտի ունենա 11 ամերիկացիների, այդ թվում Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքըլ Մաքֆոուլին հարցաքննելու արտոնություն:

Ամերիկացի դիվանագետին օտար կառավարության կողմից հարցաքննելու միտքը աղմուկ է բարձրացրել նույնիսկ հանրապետական կոնգրեսականների շրջանում:

Սենատոր Լինդզի Գրահամը չի կարծում, որ Կոնգրեսում որեւէ մեկը կողմ կլիներ, որ դա տեղի ունենար:

Ռուսաստանի իշխանություններն ԱՄՆ-ի նախկին դեսպանից ուզում են հարցաքննության միջոցով տեղեկություններ ստանալ Լոնդոնից գործող բիզնեսմեն Բիլ Բաուդերի մասին, որին Ռուսաստանում մեղադրում են հարկային խարդախություններ իրականացնելու մեջ:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նրան հարցաքննելու մասին Ռուսաստանի առաջարկն անվանել է ‘’անհեթեթություն’’: ‘’Դա տեղի ունենալ չի կարող’’, ասել է պետքարտուղար Մայք Փոմփեոն:

‘’Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ անցկացված գագաթաժողովի ընթացքում այս հարցի շուրջ Ռուաստանի նախագահն արել է առաջարկություններ, հանդես եկել մեկնաբանությամբ: Սակայն նախագահ Թրամփը շատ հստակ է ասել, որ ամերիկացիներին չենք պարտադրի մեկնել Ռուսաստան հարցաքննության համար: Չգիտեմ, թե ինչու է այս հարցի շուրջ այսքան աղմուկ բարձրացել’’:

‘’Ուզում եմ, որ մարդիկ այստեղ հանգիստ լինեն’’, ասել է Փոմփեոն:

Սակայն հատկապես դեմոկրատները չեն կարողանում հանգստանալ, եւ ուզում են հաստատ պարզել, թե արդյոք ընտրությունների ժամանակ ռուսական միջամտությունն ազդել է ընտրությունների արդյունքի վրա:

Ներկայացուցիչների տան փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսին ասում է, թե Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակ Թրամփն ակնհայտորեն վախեցած էր թվում Պուտինի ներկայությամբ:

‘’Ինչի՞ց էր նա վախենում: Ինչո՞վ է Պուտինը շանտաժի ենթարկում Թրամփին’’, հրապարակային հարց է ուղղել Փելոսին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Հատուկ հետաքննչական խումբն աշխատում է պարզել, թե արդյոք Թրամփը ռուսների հետ եկել է համաձայնության ընտրություններում իր հաղթանակն ապահովելու համար: Հանրապետականները հերքում են այդ հնարավորությունը: Սակայն դեմոկրատների հետ միասին հանրապետականներն էլ են գտնում, որ Ռուսաստանը կփորձի նաեւ միջամտություն ցուցաբերել նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում, ինչի դեմ, ասում են նրանք, հարկավոր է բանեցնել ամեն միջոց:


XS
SM
MD
LG