Հելսինքյան գագաթաժողովին հաջորդեց Սպիտակ տան հայտարարությունը, որ ռուս-ամերիկյան հաջորդ գագաթաժողովը կկայանա Վաշինգտոնում: Դրա մասին հանրությունը տեղեկացավ Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսի թվիթերյան գրառումից:
Հիշեցնենքք, որ հելսինքյան գագաթաժողովում նախագահ Թրամփի հնչեցրած հայտարարություններն ամերիկյան հետախուզական ծառայությունների վերաբերյալ քննադատության լայն ալիք բարձրացրեցին երկրում, որին ի պատասխան նախագահ Թրամփը ուղղումներ մտցրեց իր խոսքում:
Սակայն երկու կուսակցությունների օրենսդիրները կոշտ հայտարարություններով հանդես եկան նախագահի հասցեին:
«Երբ Ռուսաստանի նախագահին պատասխանատվության չենք հրավիրում սուտ հայտարարությունների համար, ուրեմն աջակցում ենք նրան»,- հայտարարեց հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքը:
«Եթե որևէ գործողության չդիմենք, ամերիկյան ժողովուրդը կարող է չհավատալ հաջորդ ընտրությունների արդյունքներին»,- ասել է դեմոկրատ կոնգրեսական Ջերալդ Նադլերը:
Ռուսաստանից եկող վտանդի մասին, կապված այս նոյեմբերին նախատեսվող ընտրությունների հետ, խոսել է նաև գործող վարչակազմի ազգային անվտանգության քարտուղարը:
«Պետք է պատրաստ լինենք, որ նրանք նույն կերպ կգործեն»,- հայտարարել է Քիրսջեն Նիելսոնը:
Իսկ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին հայտարարեց, որ նախագահ Թրամփը կորցրել է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:
Դեմոկրատները հանդես եկան այս կապակցությամբ օրենսդրական մի շարք նախաձեռնություններով: Սակայն ԱՄՆ-ի Սենատում նրանց առաջադրած երկու խորհրդանշական օրինագծերը, որոնք աջակցություն էին հայտնում ամերիկյան հետախուզական ծառայություններին, տապալվեցին: Ամերիկացի սենատորները փոխարենը միաձայն ընդունեցին խորհրդանշական մի բանաձև ընդդեմ Ռուսաստանի հայտարարության՝ ամերիկացի դիվանագետներին հարցաքննելու մասին:
Ռուսաստանն իր հերթին ի դեմս նախագահ Պուտինի քննադատել է Միացյալ Նահանգներում նախագահ Թրամփին քննադատող շրջանակներին՝ ընդգծելով, որ դրանք մեծացնում են լարվածությունը Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև:
Facebook Forum