Մատչելի հղումներ

Փորձագետներ. Ավտոմեքենաների ներկրման համար վճարի սահմանումը 600 հազարից ավելի աշխատատեղեր կկրճատի ԱՄՆ-ում


ԱՄՆ-ի վարչակազմը քննարկում է օտարերկրյա ավտոմեքենաների նկատմամբ սակագների կիրառման հնարավորությունը, որն ըստ իրենց կխթանի տեղական արտադրությունը: Փորձագետները դեմ են այս մոտեցմանը՝ ընդգծելով դրա վնասարար հետևանքներն ամերիկյան ավտոարդյունաբերության և ընդհանուր տնտեսության վրա:

Ամերիկյան Դետրոյթ քաղաքը պատմականորեն համարվում է ամերիկյան ավտոարտադրության կենտրոն, ուր Հենրի Ֆորդը հիմնադրել է ավտոմեքենաների առաջին արտադրությունը:

Տարիներ անց ամերիկյան ավտոարդյունաբերական ոլորտն իր տեղը զիջեց համաշխարհային շուկայում: Այս հարցին բազմիցս քննադատաբար անդրադարձել է նախագահ Թրամփը:

Վերջինս դիտարկում է հավելյալ վճարումներ սահմանել օտարերկրյա ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներկրման համար: Այս նախաձեռնության դեմ են փորձագիտական շրջանակները, ովքեր գտնում են, որ նոր սակագների սահմանումն ավելի շատ վնաս կհասցնի ավտոարդյունաբերությանը, քանի որ ներկրման համակարգը չափազանց գլոբալ բնույթ է կրում, և այն դժվար է վերահսկել:

Բացի այդ սակագները կհարվածեն սպառողների գրպաններին, քանի որ արդյունքում կբարձրանա ավտոմեքենաների արժեքն ամերիկյան շուկայում: Ըստ կանխատեսումների՝ թանկացումը կկազմի միջինը 5800 ԱՄՆ դոլար:

Ըստ Փեթերսոն հաստատության միջազգային տնտեսագիտության ամբիոնի զեկույցի՝ վճարումների սահմանման արդյունքում մեկից երեք տարիների ընթացքում ԱՄՆ-ում կկրճատվի շուրջ 195 հազար աշխատատեղ, իսկ եթե այլ երկրներ ևս ի պատասխան կիրառեն իրենց սակագներն ընդդեմ ԱՄՆ-ի, ապա կրճատված աշխատատեղերի թիվը կարող է հասնել 624 հազարի:

Չինաստանն արդեն սահմանել է վճարումներ ի պատասխան չինական ապրանքատեսակների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից վճարումներ սահմանելուն: Այս զարգացումներն, ըստ փորձագետների, ուղղակիորեն հարվածում են ամերիկացի ավտոարտադրողների շահերին, հատկապես General Motors ընկերությանը, որի համար Չինաստանն հանդիսանում է ամենամեծ սպառման շուկա:

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունն այժմ հետաքննում է, թե արդյոք ավտոմեքենաների ներկրումը սպառնալիք է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: Այս պատճառաբանությամբ է, որ Թրամփի վարչակազմը վճարումներ էր սահմանել պողպատի ու ալյումինի ներկրման ոլորտներում:

Սակայն ակնհայտ է, որ ավտոմեքենաների ներկրման համար վճարումներ սահմանելու պարագայում Վաշինգտոնին սպասում են իրավական մարտահրավերներ Առևտրի համաշխարային կազմակերպության շրջանակում:

Facebook Forum

XS
SM
MD
LG