Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ուզում է հարցաքննել 12 ռուսների, Ռուսաստանն ուզում է հարցաքննության կանչել 11 ամերիկացիների


ԱՄՆ-ը ուզում է հարցաքննել 12 ռուսների, Ռուսաստանն ուզում է հարցաքննության կանչել 11 ամերիկացիների
please wait

No media source currently available

0:00 0:01:50 0:00

Հելսինկիում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների միջեւ անցկացված հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը ներկայացրել էր առաջարկ։ Նա ասել էր, թե ԱՄՆ-ի հատուկ հետաքննիչ Ռոբերտ Մյուլլերը կարող է այցելել Ռուսաստան եւ հարցաքննել այն 12 պաշտոնյաներին, որոնք Մյուլլերի կարծիքով, կարող են կապ ունենալ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ ռուսական կողմից միջամտություն ցուցաբերելու փորձերի հետ։ Սակայն, ասել էր Պուտինը, դրա դիմաց Կրեմլը պիտի ստանա այն 11 ամերիկացիներին հարցաքննելու հնարավորություն, որոնք ըստ Ռուսաստանի կասկածների, իրականացրել են անօրինական գործունեություն իր տարածքում։ Ի դեպ, այդ 11 անձանց մեջ է մտնում նաեւ Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքըլ Մաքֆոլը։

Մոսկվայի գլխավոր թիրախը սակայն գործարար Բիլ Բրաուդերն է, որը ռուսական կողմի պնդմամբ մեծ եկամուտներ է ստացել Ռուսաստանում ու դրանց դիմաց չի մուծել որեւէ հարկ, իսկ եկամուտների մի մասը ԱՄՆ-ի հետախուզության գործակալների օգնությամբ տեղափոխել է երկրից դուրս։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հերքում է Ռուսաստանի այս մեղադրանքները՝ դրանք համարելով ՝՝բացարձակ անհեթեթություն՛՛։ Սակայն Սպիտակ տունը Պուտինի առաջարկը մերժելու նշաններ ցույց չի տալիս։ Ինչպես խոսնակ Սառա Սանդերսն է ասել.

՝՝Նախագահն այս ուղղությամբ աշխատելու է իր թիմի հետ։ Մենք ավելի ուշ կտեղեկացնենք, թե հանդես գալիս ենք հայտարարությամբ, թե ոչ՛՛։

Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մաքֆոլը մինչեւ Թրամփի ու Պուտինի միջեւ անցկացվելիք հանդիպումն էր ցուցաբերել մեծ անհանգստություն։

՝՝Ունեմ մտավախություն, ասել էր նա, ՝՝որ նախագահ Թրամփը շատ բարեկամաբար կվերաբերվի Պուտինին ու շռայլորեն կգովաբանի նրան՛՛։

Պուտինը հինգշաբթի օրը դատապարտել է, իր խոսքերով ասած, այն ուժերին, որոնք Միացյալ Նահանգներում փորձում են խեղել Թրամփի հետ իր հաջողված բանակցությունները եւ ներքին պայքարի պատճառով զոհաբերել ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Նա նշում է, որ դրա արդյունքում կարող է վտանգի տակ դրվել ՍՏԱՐՏ պայմանագիրը, որի ժամկետը լրանում է մեկուկես տարուց։ Հիշեցնենք, որ 2Օ1Օ թվականին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ կնքված այս պայմանագիրը պարտավորեցնում է կողմերին կրճատել ռազմավարական նշանակության միջուկային զենքերը։

Եվ մինչ կողմերը քննարկում են միմյանց տարածքներում հարցաքննություններ անցկացնելու հարցը, ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիսթոֆեր Ռեյը հայտարարում է, թե Ռուսաստանը շարունակում է ԱՄՆ-ում ներգործություն հաստատելու իր գործողությունները։ Նրա խոսքերով, այս գործողությունները թեեւ ներկա պահին թույլ են, սակայն կարող են անցնել հաջորդ փուլ, եթե դրանք չկանխվեն։

Այլ հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ-ում ձերբակալել են լրտեսության կասկածներով ռուս եւս մեկ քաղաքացու։

XS
SM
MD
LG