Անցած շաբաթ Սիրիայի կառավարական ուժերի ու ընդդիմադիր զինյալների միջև համաձայնության արդյունքում ընդդիմադիր ուժերի ռազմական միավորումներն ու նրանց ընտանիքները լքեցին Սիրայի հարավ-արևմուտքում գտնվող Դերաա քաղաքը:
Ռուսաստանի օժանդակության տակ գտնվող կառավարական զորքերը ռազմական գործողություններ սկսեցին ընդդիմադիրների վերահսկողության ներքո տարածքներում, որոնք գտնվում են Իսրայելի հետ սահմանակից Հոլանդյան բարձունքներից ոչ հեռու: Հիշեցնենք, որ կառավարական ուժերին հաջողվել է Դերաայի շրջանը վերադարձնել սեփական վերահսկողությանը:
Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն այս հարցը քննարկել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Իսրայելակայն կողմը զգուշացրել է, որ կդիմի կտրուկ միջոցների, եթե Ասադին աջակցող զորամիավորումները, ներառյալ իրանցի զինյալներն ու Հեզբոլահ խմբավորման անդամները, հայտնվեն 1974 թվականից հաստատված ՄԱԿ-ի անվտանգության գոտում: Վերլուծաբանների կարծիքով, այս զարգացումները չափազանց մտահոգում են Իսրայելին:
Փորձագիտական շրջանակներն ընդգծում են, որ տարածաշրջանում ընթանում է մրցակցություն ԱՄՆ-ի, Իրանի, Ռուսաստանի ու Իսրայելի միջև: Մոսկվան ցանկանում է, որ Վաշինգտոնը դուրս բերի իր զորքերը Սիրիայի տարածքից, սակայն, ըստ փորձագետների, վերջինս դրա փոխարեն կարող է պահանջել Ռուսաստանից զերծ մնալ ներգրավվածությունից Իրանի հարցում, ինչպես նաև ռուսական ուժերը դուրս բերել Ուկրաինայից ու Ղրիմից: Իսրայելն իր հերթին ցանկանում է Իրանին դուրս մղել Սիրիայից, մինչդեռ Թեհրանը փորձում է պահպանել իր դիրքերն այնտեղ:
Սիրիայի հիմնախնդիրը ակտիվորեն քննարկվել է Հելսինքիում Թրամփ-Պուտին գագաթաժողովի ժամանակ: Միասնական մամլո ասուլիսի ընթացքում, նախագահ Պուտինն ընդգծեց ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև համագործակցության կարևորությունը՝ մատնանշելով ռազմական գերատեսչությունների միջև Սիրիայում համագործակցության լավ նախադեպերը: Պուտինը շեշտեց Իսրայելի և Սիրիայի միջև 1974 թվականի բաժանարար գոտու պահպանման կարևորությունը:
Նախագահ Թրամփը հայտնեց պատրաստակամություն համագործակցել ռուսական կողմի հետ Սիրիայի հարցում, մասնավորապես մարդասիրական տեսանկյունից: Կողմերն ընդգծեցին համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը՝ փախստականների վերադարձն ապահովելու համար:
Facebook Forum