Մատչելի հղումներ

Իրաքում շոգ են օրերը, շատ տաքացած`ցուցարարների կրքերը


Իրաքում շոգ են օրերը, շատ տաքացած`ցուցարարների կրքերը
please wait

No media source currently available

0:00 0:01:44 0:00

Իրաքում առնվազն յոթ մարդ է ստացել մարմնական վնասվածքներ ոստիկանության կողմից իրականացված գործողությունների արդյունքում: Կառավարությունը զորքեր է տեղակայել մի քանի քաղաքներում ցուցարարներին ցրելու նպատակով: Վերջիններս անցած մի քանի օրերի ընթացքում բողոքի ակցիաներ են կազմակերպում`բողոքելով ընդդեմ կոռուպցիայի եւ երկրի վատ կառավարման դեմ:

Իրաքում մարդիկ արդեն հոգնել են աղքատությունից, գործազրկությունից, գների աճից: Այս ամենի համար նրանք մեղավոր են համարում կառավարությանը, որը նրանց խոսքերով, ոչինչ չի անում կոռուպցիան վերացնելու ուղղությամբ: Բողոքի ցույցերը, որոնք սկսվել էին Բասրայից, տարածվել են դեպի մյուս քաղաքները:

Մարդիկ ասում են, թե ցույցերը հետեւանքն են անցած 16 տարիների զրկանքների: Իշխանություններն այստեղ, ասում են նրանք, ոչինչ չեն արել մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ:

Մարդկանց զայրույթն այստեղ խորացավ հատկապես մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հայտնի մի կրոնավորի կողմից ղեկավարվող դաշինքը ստացավ ամենամեծ թվով աթոռները:

Ցուցարարներն այժմ ասում են, որ իրենք են ձայն տվել նրան ու նրանից էլ պահանջում են հետ ստանալ իրենց իրավունքները: ‘’Մեր նպատակին հասնելու համար շարունակելու ենք խաղաղ ցույցերը’’, ասում են նրանք:


Երկրի վարչապետ Հայդեր ալ Աբադին, փորձելով մարել Բասրայի բողոքի հրդեհը, խոստացել էր, որ կառավարությունը ներդրումներ կիրականացնի այստեղ, ֆինանսներ կհատկացնի ջրի, էլեկտրասնուցման եւ առողջապահական ծառայությունների համար: Սակայն ցույցերը Բասրայում կանգ չառան ու տարածվեցին դեպի Ամարա, Նասիրիյահ ու Նաջաֆ, որտեղ նրանք գրոհ իրականացրին օդանավակայանում: Բողոքի ալիքը հասավ մայրաքաղաք Բաղդադ, ուր կառավարությունն ուժի մտցրեց պարետային ժամ:


Ներքին գործերի նախարար Քասիմ ալ Արաջին ասում է, թե ուզում են ապահովել բոլորի անվտանգությունը, լսել բոլորի պահանջները: Նրա խոսքերով, իրենք ողջունում են նաեւ ցուցարարներին, սակայն նրանք, ովքեր վնաս կհասցնեն պետական հաստատություններին ու գործողություններ կիրականացնեն ընդդեմ անվտանգության ուժերի, կենթարկվեն պատասխանատվության, հայտարարել է նա:

Բասրան հայտնի է նավթի իր պաշարներով, որտեղից իրականացվում է Իրաքի նավթի առաքումների հիմնական մասը: Սակայն հակառակ դրան, այս շրջանի բնակչությունը շարունակում է դուրս մնալ իշխանությունների ուշադրությունից, որտեղ առկա են խարխլված ենթակառույցներ, որտեղ շարունակ անջատվում է էլեկտրասնուցումը, որտեղ ջուրն աղտոտված է, իսկ փողոցները` լի կուտակված աղբով:

Իրադրությունն ավելի լավ պատկերացնելու համար բավական է նշել միայն, որ այստեղ այս օրերին օդի ջերմությունը հասնում է 48 աստիճանի:

XS
SM
MD
LG