Մատչելի հղումներ

Երևանի քաղաքապետի ընտրություն տեղի չունեցավ՝ ավագանու նիստը չկայացավ


''Ազատություն'' ռադիոկայան

Դահլիճում էին ավագանու 65 անդամներից միայն 5-ը՝ ներկա չէին Հանրապետական ու «Ելք» խմբակցությունները:

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունն այսօր տեղի չունեցավ քվորում չլինելու պատճառով, Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստը չկայացավ:

Երբ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ավագանու նիստերի կիսադատարկ դահլիճում հայտարարեց, որ նիստը չի կայանա, ավագանու 65 անդամներից միայն 5-ն էին ներկա:

Ավագանու նիստերի դահլիճ չմտած «Ելք» խմբակցության ղեկավար ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով դեռ դեռ նախորդ շաբաթ էր հայտարարել, որ «Ելք»-ը քաղաքապետի արտահերթ ընտրություններին թեկնածու չի առաջադրելու, րոպեներ տևած նիստին հետևում էր լրագրողներին հատկացված սենյակից:

Երևանի քաղաքապետի պաշտոնից հանրապետական Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին:

Երևանի մասին օրենքի համաձայն, քաղաքապետի հրաժարականից հետո նշանակված արտահերթ նիստում ավագանին ընտրությունը կատարում է իր շարքերից։

Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միայն ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» էր քաղաքապետի թեկնածու առաջադրել՝ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:

Կառավարությունն իրավունք ունի կրճատել գործող ավագանու լիազորությունները կամ ցրել ավագանին, եթե քաղաքապետի հրաժարականից հետո գումարված նիստում կամ դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ ավագանին պետք է լուծարվի ու նոր ընտրությունների միջոցով երևանցիներն ընտրեն ավագանու անդամներ՝ իրենց նախընտրած կուսացկություններից․ - «Քանի որ այսօր մենք ունենք փաստացի առաջադրված մեկ թեկնածուի, նշանակում է, որ այսօր այդ թեկնածուն չի ընտրվելու, և ավագանին օրենքով սահմանված կարգով արձակվելու է: Օրենքը մանրամասների չի ներկայացնում, թե ինչպես պետք է այդ արձակումը տեղի ունենա, բայց սա կարգավորվում է Երևանի ՏԻՄ օրենքով և Ընտրական օրենսգրքով, որտեղ ասվում է, որ ավագանին արձակվում է, եթե առաջադրում չի լինում երկու շաբաթ շարունակ, և եթե այդ թեկնածուն չի ընտրվում: Թեկնածուն չի ընտրվելու այսօր: Կառավարությունը երկու շաբաթվա ընթացքում ավագանու արձակումից հետո ունենալու է հնարավորություն նշանակելու արտահերթ ընտրության օրը, որը պետք է լինի որոշումը կայացնելու պահից սկսած երեսունից քառասուն օրվա ընթացքում: Եթե մենք առավելագույն ժամկետներով ենք գնում, դա ընկնում է սեպտեմբերի առաջին կեսին»:

Երևանի քաղաքապետի այսօրվա արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ն ու «Ելք»-ը թեկնածուներ չէին առաջադրել:

Առաջադրված միակ թեկնածուն՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության և խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր առաջադրման մասին պաշտոնական գրությունը մուտք է արել քաղաքապետարան՝ դեռ անցած շաբաթ ու փաստացի ինքն է համարվում Երևանի քաղաքապետի միակ թեկնածուն:

Նա ընդգծեց, որ կառավարությունը պետք է առավելագույնը 40, նվազագույնը 30 օրվա ընթացքում ընտրության օր նշանակի․ - «Մեր քաղաքացիների առջև մենք ստանձնել ենք պարտականություն, ես ասել եմ, որ ես լինելու եմ ձեր քաղաքապետը և ես ներկայացնելու եմ ձեր շահերը: Եվ ըստ էության մեկ տարվա ընթացքում ես եղել եմ մեր քաղաքացիների քաղաքապետը, ներկայացրել եմ իրենց իրավունքները և շահերը: Եվ ամեն ինչ արել եմ, որպեսզի մաքրեմ Երևանի քաղաքապետարանը աղբից, կեղտից և կոռուպցիայից»:

XS
SM
MD
LG