Մեծ Բրիտանիա կատարած իր այցի շրջանակում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է երկրի վարչապետ Թերեզա Մեյի հետ:
Հինգշաբթի երեկոյան ԱՄՆ-ի նախագահն ու առաջին տիկինը մասնակցել են Բլենհեյմի պալատում կազմակերպված ճաշկերույթին, որի ընթացքում բրիտանական The Sun պարբերականին տված հարցազրույցում նախագահ Թրամփը քննադատության է ենթարկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Մեյին Բրեքզիթի բանակցություններն, ըստ նախագահի, սխալ ուղղությամբ տանելու համար:
Հետագայում սակայն Թրամփ-Մեյ ուղիղ բանակցությունների ընթացքում երկու առաջնորդների միջև լարվածություն չի նկատվել: Նախագահ Թրամփն ընդգծել է, որ ամերիկա-բրիտանական հարաբերությունները երբեք այդքան մտերիմ չեն եղել, ինչպիսին այժմ են:
«Այսօր մենք խոսում ենք առևտրի, ռազմական հարաբերությունների մասին: Մենք քննարկեցինք այն հակաահաբեկչական միջոցները, որոնք գործի են դրվել այստեղ Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ: Մեր հարաբերությունները շատ ամուր են և շատ լավ»,- ասել է նախագահ Թրամփը:
Նախագահ Թրամփն այցի ընթացքում տեղափոխվում է ուղղաթիռի միջոցով: Մեծ Բրիտանիյաում ԱՄՆ-ի դեսպան Վուդի Ջոնսոնը դա բացատրում է նրանով, որ նախագահը ցանկանում է այս կարճատև այցի ընթացքում հնարավորինս շատ հանդիպումներ ու քննարկումներ ունենալ:
Հիշեցնենք, սակայն, որ Լոնդոնի փողոցներում այցի ընթացքում ընթանում են բողոքի ցույցեր ընդդեմ նախագահ Թրամփի այցի: Ցուցարարներն անգամ օդ են բարձրացրել նախագահին պատկերող մի մեծ օդապարիկ:
Facebook Forum