Մատչելի հղումներ

«Նորֆոլկ»-ը լուծարվում է, դրան կփոխարինի պետական բաժնետիրական ընկերությունը


Մաքսազերծմամբ և հարկային հաշվառմամբ զբաղվող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը մինչ ընթացիկ ամսվա վերջ լուծարված կլինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «Ընկերությունը լուծարման գործընթացում է, իրականացվում է լուծարային ստուգումը, հաջորդ շաբաթ մենք լուծարային ստուգման ակտը կավարտենք, և մինչև ամսվա վերջ այն ամբողջությամբ լուծարված կլինի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Դավիթ Անանյանը:

Պաշտոնյան նշեց, որ էլի է առիթ ունեցել ասելու, որ ընկերությունն այսօր էլ շարունակում է իր գործունեությունը՝ որոշակի ճշգրտումներով՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության անմիջական հսկողության ներքո:

Ինչ վերաբերում է լուծարումից հետո նշյալ ծառայության մատուցմանը, ապա Դավիթ Անանյանը նշեց, որ Կառավարությունից ունեն առաջարկներ «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ը պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությամբ փոխարինելու է: «Այն ամբողջությամբ չի կրկնելու «Նորֆոլկի» գործունեությունը, այլ պետք է հանդիսանա մաքսային միջնորդային ծառայություններ մատուցող: Մանր ու միջին ձեռներեցությամբ զբաղվողները, որոնք բացառապես գործունեություն են իրականացնում շրջանառության հարկի դաշտում, այսօր պատրաստ չեն ամբողջությամբ պատասխանատվություն կրել ու մաքսային ձևակերպումներն ամբողջ ծավալով իրականացնել: Մենք պետք է աստիճանաբար ձևավորենք այնպիսի մշակույթ, որ բոլոր ապրանքները մաքսազերծվեն ըստ տեսականու»,-ասաց Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ այս փուլում չեն ցանկանում ցնցումներ առաջացնել ոչ բրենդային հագուստի շուկայում: «Պետությունը կամք է դրսևորում և ստեղծում է բաժնետիրական ընկերություն՝ այդ ռիսկը վերցնելով իր վրա, որոշակի ժամանակահատված հետո վերադասավորելով իր մոտեցումները»,-եզրափակեց պաշտոնյան։

XS
SM
MD
LG