Մատչելի հղումներ

Թրամփը գոհ է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքից


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաղթանակ է համարում Բրյուսելում անցկացված եւ հինգշաբթի օրն ավարտված ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Նրա խոսքերով, ինքը մյուս երկրներից ստացել է իրենց պաշտպանության ծախսերն ավելացնելու մասին հավաստիացումներ։

՝՝Եվ այժմ մենք ուրախ ենք, քանի որ ունենք հզոր, շատ հզոր ՆԱՏՕ՛՛- ասել է Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Թրամփը չի ասել, թե հատկապես որ երկրներն են համաձայնել ավելացնել պաշտպանության բյուջեն, սակայն նշել է.

՝՝Իմ պատճառով նրանք անցյալ տարվա ընթացքում ծախսերն արդեն իսկ ավելացրել են 4Օ միլիարդ դոլարով։ Այնպես որ, կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավանում է ինձ։ Միգուցե նա միակն է, բայց ոչինչ, դա էլ լավ է՛՛։

Ի հակադրություն Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, թե ՆԱՏՕ-ի 29 անդամներից եւ ոչ մեկը չի համաձայնվել ծախսերն ավելացնել նախապես համաձայնեցված իրենց համախառն ներքին արտադրանքի ծավալով 2 տոկոսից ավելի՛՛։

Թրամփի խոսքերով, ԱՄՆ-ի նկատմամբ ՆԱՏՕ-ում չի եղել արդար մոտեցում, քանի որ անցած 7 տասնամյակների ընթացքում, նրա խոսքերով, Վաշինգտոնի ուսերին է մնացել ՆԱՏՕ-ի ծախսերի 7Օ-ից 9Օ տոկոսը։

Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի ավարտից հետո ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է. ՝՝Ես վստահում եմ ՆԱՏՕ-ին, եւ այս դաշինքին ԱՄՆ-ի հավատարմությունը մնում է շատ ուժեղ՛՛։

Նրա խոսքերով, ինքը կարող է ԱՄՆ-ը դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից առանց Կոնգրեսի հավանությունը ստանալու, սակայն, ասել է նա, դրա անհրաժեշտությունն այժմ չկա, երբ անդամ երկրներից ստացվել են ֆինանսավորման հարցում հավաստիացումներ։

Դաշինքը ֆինանսավորելու հարցից զատ գագաթաժողովի ժամանակ երկրների ղեկավարները քննարկել են այնպիսի կարեւոր հարցեր, ինչպես Աֆղանստանը։ Մեծ Բրիտանիան խոստացել է կրկնապատկել այստեղ իր զորքերի թիվը։ Կանադան առաջարկել է ղեկավարել Իրաքում ՆԱՏՕ-ի զորքերի մարզումները։

Թրամփի մյուս կանգառը Մեծ Բրիտանիան է։ Դրանից հետո Հելսինկիում հանդիպում կունենա Ռուսաստանի իր պաշտոնակից Պուտինի հետ։

XS
SM
MD
LG