Մատչելի հղումներ

Ռուս-ամերիկյան գալիք գագաթաժողովի շուրջ վերլուծաբանների գնահատականները զգուշավոր են


Մոտ օրերս Հելսինքիում կկայանա Թրամփ-Պուտին գագաթաժողովը: Առաջնորդների հանդիպման օրակարգը չափազանց հագեցած է: Ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ:

Մոտ օրերս Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինքիում հերթական անգամ կկայանա Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ղեկավարների գագաթաժողովը: Օրակարգը հագեցած է:

«Անշուշտ առաջնորդները կքննարկեն Սիրիային, Ուկրաինային, ամերիկյան ընտրություններում Մոսկվայի ներգրավվածությանն ու միջին հեռահարության միջուկային զինատեսակների հետ կապված պայմանագրի խախտումներին առնչվող հարցեր»,- ասում է RAND հաստատության բիզնես առաջնորդների ֆորումի գործադիր տնօրեն Վիլիամ Քորթնին:

Գալիք գագաթաժողովն առաջնորդների չորրորդ հանդիպումն է Թրամփի նախագահությունից ի վեր: Վերջին անգամ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները հանդիպել են 2017 թվականի նոյեմբերին Վիետնամում APEC-ի գագաթաժողովի շրջանակում, որից հետո ամերիկյան կողմը դիմել է մի շարք գործողությունների՝ Ռուսաստանի քաղաքականությանը հակազդելու համար, ներառյալ Ուկրաինային մահացու զենքերի վաճառքի թույլտվությունը, նոր պատժամիջոցների սահմանումն ու շուրջ 60 ռուս դիվանագետների արտաքսումը:

«Եղան պահեր, երբ ակնհայտ էր, որ Թրամփի համբերության բաժակը լցվել էր, և նա կոշտ դիրքորոշում էր որդեգրում Պուտինի նկատմամբ, սակայն այդ պահը կարծես անցել է, քանի որ Թրամփը ցանկանում է դեմ առ դեմ հանդիպում ունենալ Պուտինի հետ»,- կարծում է Council on Foreign Relationsհաստատության ավագ վերլուծաբան Չարլս Քուփչանը:

Գագաթաժողովի արդյունքների ու ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքի մասին վերլուծաբանների գնահատականները զգուշավոր են:

«Հնարավոր է, որ հարաբերությունները բարելավվեն մի փոքր, և դա ինքնին ձեռքբերում է, քանի որ վերջին մի քանի տարիներին, մասնավորապես Ղրիմի բռնակցումից և Արևելյան Ուկրաինա ներխուժելուց հետո, դրանք վատթարացել են»,- ընդգծում է Քորթնին:

«Սա կարող է ավելի լավ երկխոսության սկիզբ հանդիսանալ: Չեմ ակնկալում Հելսինքիից որևէ ցնցող լուր»,- ասում է Քուփչանը:

Գագաթաժողովի ընթացքում խնդրահարույց հարցերի շուրջ համաձայնությունները կամ դրանց քննարկումը կարող է որոշակիորեն բարելավել հարաբերությունները երկու պետությունների միջև, սակայն բարելավումը դժվար է պատկերացնել առանց մի շարք կարևոր հիմնախնդիրների կարգավորման, որոնց թվում են Մյուլերի հետաքննությունը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու Ղրիմի բռնակցմումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG