Թաիլանդի կառավարության պաշտոնատար անձինք հայտարարում են, որ քարանձավային ցանցից դուրս բերված 12 տղաների ու նրանց մարզիչի առողջական վիճակն ընդհանուր առմամբ լավ է։ Հիշեցնենք, որ խմբի վերջին 4 երեխաներին ու մարզիչին փրկարարները դուրս էին բերել երեքշաբթի օրը։
Ծնողներին թույլատրվել է իրենց երեխաներին նայել դեռեւս միայն պատուհանի հակառակ կողմից։ Տղաները, որոնք քարանձավում էին մնացել մոտ 18 օր, այժմ գտնվում են կարանտինի մեջ, որպեսզի հյուծված օրգանիզմը չընդունի վարակներ։ Թաիլանդի ծովային ուժերը չորեքշաբթի օրը տարածել է երեխաներին ազատելու պահի մասին տեսագրություն։
Ինչպես առողջապահության նախարարությունն է հաղորդում, տղաներից յուրաքանչյուրը կորցրել է միջին հաշվով երկու կիլոգրամ քաշ։
Նախարարության տեսուչներն ասում են, թե երեխաների մտավոր առողջությունը շատ լավ վիճակում է, քանի որ նրանք եղել են միասին։ Նրանք ասում են նաեւ, թե պետք է հիանալ 25-ամյա մարզիչով, որը գերազանց է խնամել տղաներին։
Երեք տղաների մոտ նկատվել է թոքերի թեթեւ վարակ։
Թաիլանդում, բացի երեխաներին փրկելու համար տիրող ուրախությանը, ցավով են հիշում ծովային նավատորմի նախկին զինվորական Սաման Գունանին, որը փրկարարական աշխատանքի ժամանակ թթվածնի պակասից զոհվել էր ուրբաթ օրը քարանձավից հետ վերադառնալու ճանապարհին։