Մատչելի հղումներ

Թաիլանդցի պատանի ֆուտբոլիստների ստորջրյա հաղթանակը


Թաիլանդցի պատանի ֆուտբոլիստների ստորջրյա հաղթանակը
please wait

No media source currently available

0:00 0:03:07 0:00

Թաիլանդի ջրով լցված քարանձավային ցանցից երեքշաբթի օրը դուրս բերվեցին պատանի ֆուտբոլիստների թիմի վերջին անդամն ու նրանց 25-ամյա մարզիչը։ 11-ից 17 տարեկան 12 ֆուտբոլիստները գտնվում են բժիշկների ու հոգեբանների վերահսկողության ներքո։ ՝՝Վարազներ՛՛ անվանումը կրող թիմի բոլոր վարազները, ասում են բժիշկները, որպես հրաշք, լավ վիճակում են ե՛ւ ֆիզիկապես ե՛ւ հոգեպես։ Առողջական ամենաթույլ վիճակում է մարզիչը, որը 9 օրերի ընթացքում չի կերել ոչինչ ու իրենց հետ քարանձավ իջեցրած կերակուրն ամբողջությամբ թողել երեխաներին։ Թիմն այդ օրը որոշել էր տղաներից մեկի ծննդյան օրն անցկացնել յուրահատուկ ձեւով՝ քարանձավում, ու լավ է, որ այդ կապակցությամբ իրենց հետ են տարել սնունդ։ Մարզիչը, ասում են մասնագետները, խելացիորեն է բաշխել սնունդը, տղաներին մթության մեջ պահել իրար շատ մոտ՝ խնայելու համար նրանց էներգիան ու ջերմությունը, ինչի արդյունքում էլ նրանք մնացել են կենդանի։

Մղձավանջը սկսվել էր 18 օր առաջ, երբ առաջին անգամ տարածվել էր 12 պատանիների ու նրանց մարզիչի անհետանալու մասին լուրը։ Ինն օր շարունակ ոչ մի լուր չկար նրանց մասին։ Անձրեւների պատճառով ոլորապտույտ քարանձավային ցանցը լցվել էր ջրով ու երեխաները հայտնվել էին թակարդի նմանվող օդի ստորգետնյա պղպջակում։

Ինն օր անց նրանց հայտնաբերելուց հետո որոշում կայացվեց քարանձավում թողնել երեք փրկարարների, որոնցից մեկը՝ բժիշկ, ու սպասել մինչեւ սեպտեմբեր, երբ ավարտվում է տեղատարափ անձրեւների սեզոնը։ Այդ դեպքում երեխաները պարզապես քայլելով դուրս կգային այնտեղից, սակայն այդ դեպքում ըստ մասնագետների, գուցե դուրս գային որպես անբուժելի հիվանդներ՝ հոգեբանական ու գուցե՝ հոգեկան խանգարումներով։ Օդերեւութաբանների կանխատեսումները, որ մի քանի օր անձրեւները կդադարեն, թույլ տվեցին կայացնել երեք օրերի ընթացքում երեխաներին հերթով դուրս բերելու մասին որոշում։ Իսկ երբ թթվածին տեղափոխող փորձառու փրկարարներից մեկը հետդարձի ճանապարհին մահացավ հենց թթվածնի պակասից, մի լուրջ ահազանգ էր այդ ճանապարհի ծայրաստիճան մեծ վտանգների մասին։

Ու եկավ ոչ միայն ջրի, այլ նաեւ ժամանակի դեմ պայքարելու պահը։ Մինչեւ հաջորդ անձրեւը, երեք օրերի ընթացքում, ոչ միայն փրկարարները, այլ նաեւ երեխաները պիտի կատարեին աննախադեպը։ Երկու փրկարարի ուղեկցությամբ ֆուտբոլային 11 դաշտի երկարություն անցնելու ճանապարհին, եթե որեւէ երեխա հայտնվեր խուճապի մեջ, կարող էր նրա ուղին ավարտվել ողբերգությամբ։ Բժիշկներն այդ պատճառով, մինչեւ սուզվելը, երեխաներին էին տվել հանգստացնող դեղամիջոցներ։ Ու բոլորը հաղթահարեցին ուղին, չնայած լողալ չիմանալու հանգամանքին։ Չէ որ նրանց հետ էին 9Օ սուզորդներ, նրանց հետ էին ամբողջ Թաիլանդը եւ աշխարհը։

Ֆուտբոլային թիմը ՖԻՖԱ-ից ստացել է Ռուսաստանում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության վերջին ամենակարեւոր խաղերին ներկա գտնվելու հրավեր։ Թաիլանդի իշխանությունները շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ տեղեկացնում են, որ երեխաները մի քանի օր ստիպված են մնալ կարանտինի մեջ, կազդուրվել ու լինել հոգեբանների հսկողության ներքո։ Նրանք առայժմ պիտի սպասեն խոզի միս ու տապակած հավ ուտելու իրենց ՝՝քարանձավային երազանքի՛՛ իրագործմանը, իսկ ֆուտբոլային խաղերը կդիտեն հեռուստացույցով։

Ու ոչ միայն նրանք, այլ նաեւ ամբողջ Թաիլանդը կերկրպագեն Անգլիայի թիմին։ Չէ որ քարանձավում 12 երեխաներին ու նրանց 25-ամյա մարզիչին գտել էին անգլիացի երեք փրկարարները։

XS
SM
MD
LG