Մատչելի հղումներ

Մեկուկես ամսում միայն հարկերի մասով վերականգնվել է 42 մլն դոլարի վնաս. Փաշինյան


՝՝Ազատություն՛՛ ռադիոկայան

Վերջին երկու ամիսների քննչական գործողությունների արդյունքում նոր Կառավարությունը պետությանը հասցված ավելի քան 20 միլիարդ դրամի վնաս է վերականգնել։

Թիվն այսօր առաջին անգամ հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ խոսքը բացառապես հարկային պարտավորություններին է վերաբերում․ - «Հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս կամ չվճարված հարկ, որը հիմա պետք է վճարվի: Այստեղ 42 միլիոն դոլարի մասին է գնում խոսքը երկու ամսվա ընթացքում: Սա շատ կարևոր ցուցանիշ է, և կարծում եմ, որ մենք այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակենք: Երկու ամիս, որից կես ամիսը առնվազն ծախսվել է զուտ կազմակերպչական աշխատանքների վրա, այսինքն սա իրականում մեկ ու կես ամսվա ցուցանիշ է»:

Կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ այս թիվը պետությանը հասցված վնասի չնչին մասն է՝ վստահեցնելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում պետական բյուջե կվերադարձվի շատ ավելի մեծ գումար․ - «Այս թիվը չի վերաբերվում ապօրինի հարստացման հետ կապված գործերին: Այս թիվը չի վերաբերվում յուրացումների և այլ կոռուպցիոն երևույթների հետ կապված գործերին, որոնք նույնպես իրենց ծավալներով չափազանց մեծ են: Իհարկե էս պրոցեսը շարունակվելու է, և մենք լրջագույն գումարներ վերականգնելու ենք, պետությանը հասցված վնասը վերականգնելու ենք, և ինչպես ասել եմ՝ մինչև վերջ ենք վերականգնելու և աննահանջ ենք վերականգնելու»:

Վերականգնված մոտ 42 միլոն դոլարի վնասը, ըստ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի, պետությանը հասցվել է ընդամենը 73 տնտեսվարողի կողմից։ Առավել հնչեղություն ստացածները խոշոր սուպերարկետներն են, այդ թվում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթին», որտեղ, ըստ ՊԵԿ-ի, հայտնաբերվել էին հարյուրավոր անհատ ձեռներեցներ, որոնք խուսափել էին խոշոր հարկերից։

Պետությանը վնաս հասցրած ընկերություններից է նաև «Նորֆոլկ քնսալթինգը», որը, ըստ ԱԱԾ-ի, ՊԵԿ նախկին բարձաստիճան պաշտոնյաների հովանավորչությամբ հանցավոր սխեմաներով մաքսազերծումներ է իրականացրել։

XS
SM
MD
LG