Մատչելի հղումներ

Լիբիայում ծաղկում է դեպի Եվրոպա ներգաղթյալների անօրինական տարանցումը


Իսպանական նավահանգիստը ընդունել է ներգաղթյալներով լի նավն այն բանից հետո, երբ Իտալիան և Մալթան հրաժարվել են ընդունել վերջիններիս: Տասնյակ հազարավոր ներգաղթյալներ ժամանել են եվրոպական մայրցամաք այս տարի, սակայն հարավային Եվրոպայի երկրները հրաժարվում են ընդունել նրանց:

Իսպանիայի Բարսելոնա նավահանգիստն ընդունել է Open Arms անունով նավը, որի վրա են գտնվել Լիբիայից անօրինական կերպով Եվրոպա ժամանած ներգաղթյալներ: Մալթան և Իտալիան հրաժարվել են ընդունել վերջիններիս:

«Մենք փրկել ենք 60 ներգաղթյալների: Ցավոք համարյա 500 ներգաղթյալներ զոհվել են վերջին 4 օրերի ընթացքում, երբ փորձել են Լիբիայից հասնել Եվրոպա»,- ասում է նավապետ Ռիկարդո Գաթին:

Եվրոպական սահմանային երկրները շարունակաբար քննադատության են ենթարկվում ներգաղթյալների մուտքը արգելելու համար :

«Վերջին վեց ամիսների ընթացքում Միջերկրական ծովով 50 հազար ներգաղթյալներ ժամանել են Եվրոպա Հյուսիսային Աֆրիկայից: Արդյո՞ք մենք՝ 500 միլիոնանոց Եվրոպան, չենք կարող կազմակերպել 50 հազար մարդու ներգաղթ: Այս սահմանները հունական, իտալական կամ իսպանական չեն: Դրանք Եվրոպայի սահմաններն են»,- ասում է Իսպանիայի սոցիալիստական կուսակցության անդամ, պատգամավոր Ջավի Լոպեսը:

Սակայն ներգաղթյալների հոսքը գնալով աճում է, իսկ եվրոպական մայրցամաքում գլուխ է բարձրացնում ներգաղթյալների դեմ շարժումը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է անում օգնություն ցուցաբերել Եվրոպայի սահմանային երկրներին:

Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնն առաջարկում է ներգաղթյալների համար հատուկ կենտրոններ ստեղծել Հյուսիսային Աֆրիկայում, որի արդյունքում միայն օրինական մուտքի իրավունք ստացած մարդիկ կարող են գալ Եվրոպա:

Եվրոպական երկրները շարունակաբար կոչ են անում Լիբիայի իշխանություններին միջոցներ ձեռնարկել մարդկանց անօրինական հոսքը իր տարածքով կանխելու համար: Սակայն մարդկանց անօրինական տարանցումն այնտեղ շարունակում է զարգանալ՝ հանդիսանալով անօրինական եկամուտի աղբյուր տարբեր խմբերի համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG