Մատչելի հղումներ

Տնտեսաագետները քննադատում են Թրամփի առևտրային քաղաքականությունը


Նախագահ Թրամփի վարչակազմը շարունակում է առևտրային հարաբերությունների վերանայման ռազմավարությունը: Այն սակայն մտահոգությունների առիթ է տալիս տնտեսագետների շրջանակում:

Առևտրային գործընկերների նկատմամբ նոր սակագներ հաստատելուց հետո նախագահ Թրամփն իր քննադատությունը ուղղեց դեպի Առևտրի համաշխարհային կազմակերպություն:

«Երկար տարիներ նրանք արդարացի չէին վարվում մեր հանդեպ, ուստի մեր դիրքերը ԱՀԿ-ի հետ հարաբերություններում նպաստավոր չէին: Այս պահին չենք ծրագրում որևէ գործողություն, սակայն եթե նրանք շարունակեն նույն կերպ, մենք գործողությունների կդիմենք»,- ասել է նախագահ Թրամփը։

Սպիտակ տունը վերջերս հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախագահին են տրվում առանց Առևտրի համաշխարհային կազմակերպության հավանության սակագներ սահմանելու իրավունքներ: Այս միջոցով ամերիկյան կողմը ցանկանում է շրջանցել ԱՀԿ-ը:

Ամերիկյան կողմի առևտրային գործընկերները, հակադարձելով սակագների հաստատման քաղաքականությանը, դիմել են պատասխան գործողությունների: Կանադան 12,6 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքատեսակների նկատմամաբ սահմանել է սակագներ, Չինաստանը՝ 34 միլիարդ դոլարի: Շուտով չի բացառվում Եվրամիության սակագների հաստատումը պողպատի ներմուծման ոլորտում:

Բացի այդ, Եվրամիությունը սպառնում է սակագներ սահմանել շուրջ 290 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների նկատմամբ, եթե նախագահ Թրամփը վերանայի օտարերկրյա ավտոմեքենաների վերաբերյալ առևտրային համաձայնությունները:

Փորձագիտական շրջանակները մտահոգություն են հայտնում ԱՄՆ-ի նախագահի այս մարտավարության հետ կապված:

«Մենք սխալ ուղղությամբ ենք շարժվում: Մենք ավելացնում են մեր տնտեսության ծախսը և վտանգի ենք ենթարկում մեր առևտրային հարաբերությունների համակարգը, որը երկար տարիներ ԱՄՆ-ի բարգավաճման աղբյուրներից է և համաշխարհային տնտեսության վրա ներազդելու կարևոր օղակ»,- ասում է տնտեսագետ Ջեֆրի Սքոթը:

Տնտեսագետները մտահոգված են, որ վարչակազմի գործողությունները բացասաբար կազդեն համաշխարհային տնտեսական աճի վրա, քանի որ արդյունքում կվերանայվեն առևտրային համաձայնությունները, կխաթարվի ներմուծման համակարգը և կնվազի ներդրողների վստահությունը: Վարչակազմը սակայն համաձայն չէ այդ քննադատության հետ և վստահ է, որ ամերիկյան տնտեսությունը ունի համապատասխան ներուժ ու կարողություն՝ նման խնդիրներից խուսափելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG