Մատչելի հղումներ

Վաշինգտոնում անցնող Հայաստանին նվիրված Սմիթսոնյան հաստատության փառատոնը լավ առիթ է Հայաստանը ներկայացնելու նաեւ պոտենցիալ զբոսաշրջիկներին, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում են Հայաստանում զբոսաշրջության զարգացման պատասխանատուները.

«Առհասարակ, լավ մեկնարկ է ամերիկացիներին, նաեւ այստեղ գտնվող օտարերկրացիներին ներկայացնելու Հայաստանը եւ հետաքրքրություն առաջացնելու Հայաստանի հանդեպ», - նշում է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը:

Արա Խզմալյանի խոսքով, կարեւորը, որ Վաշինգտոնում անցնող փառատոնն ինչպես նաեւ «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճը ճիշտ օգտագործվի երկրի ներսում զբոսաշրջության զարգացման համար.

«Հայաստանը միայն թանգարան չէ բաց երկնքի տակ: Հայաստանն այսօր ունի նոր դիմագիծ, շատ ավելի հարուստ զբոսաշրջային գունապնակով է հանդես գալիս: Հայաստանն ունի ժամանակակից կյանք: Երեւանը եռում է երիտասարդներով եւ երիտասարդական կյանքով»:

Հենց այդ նոր Հայաստանն է ԱՄՆ-ում ներկայացրել զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, ով Նյու Յորքում, Բոստոնում եւ Վաշինգտոնում հանդիպումներ է անցկացրել Միացյալ Նահանգների զբոսաշրջության ոլորտում աշխատող գործակալությունների եւ լրատվամիջոցների հետ.

«Ունենք արդեն շատ կոնկրետ ռազմավարական բնույթի պայմանավորվածություններ, օրինակ, Հայաստանի զբոսաշրջային գրասենյակի հիմնում ԱՄՆ-ում, գործարարների հետ պայմանավորվածություններ՝ ամերիկյան տուրիստական գործակալների ճանաչողական այց կազմակերպելու Հայաստան, որը հավանաբար տեղի կունենա այս տարվա աշնանը»:

Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով, Միացյալ Նահանգներում իր հանդիպումները ցույց տվեցին, որ չնայած աշխարհին Հայաստանը ներկայացնելու Սփյուռքի ջանքերին, Հայաստանի մասին արտերկրի հանրությանն իրազեկելու կարիքը մեծ է: Առավել եւս, որ այսօրվա Հայաստանը կարող է հանդես գալ որպես զբոսաշրջության համար գրավիչ եւ ապահով ուղղություն.

«Մի երկիր, որտեղ տեղի է ունեցել ամիսներ առաջ հեղափոխություն, սակայն, այդ հեղափոխությունը եղել է ամենաժողովրդավար, ամենա ոչ բռնի եղանակով, որ հնարավոր է»:

Facebook Forum

XS
SM
MD
LG