Մատչելի հղումներ

Քաղաքագետ. Սա պատմական հնարավորություն է


Համազասպ Դանելյան
Համազասպ Դանելյան

Հայաստանի իշխանությունները նախաձեռնել են ընտրական օրենսգրքի բարեփոխումներ: Այս ոլորտի հիմնախնդիրների և ակնկալվող բարեփոխումների մասին ենք զրուցել ընտրական հարցերով փորձագետ, ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Համազասպ Դանելյանի հետ:

Հայաստանում, ըստ էության, անկախությունից ի վեր իշխանափոխություն ընտրությունների միջոցով տեղի չի ունեցել, գտնում է ընտրությունների հարցերով փորձագետ, քաղաքագետ Համազասպ Դանելյանը: Նա գտնում է, որ ընտրական համակարգի նկատմամբ հանրության անվստահությունը համակարգային խնդիր է, որը բխում է ընդհանուր առմամբ քաղաքական ինստիտուտների նկատմամբ հանրային անվստահության բարձր մակարդակից: Քաղաքագետի կարծիքով նման մոտեցումը բնորոշ է հետխորհրդային շատ երկրներին: Դրա հետ մեկտեղ, նա փաստում է, որ ընտրական համակարգը Հայաստանում վերջին երկու տասնամյակների ընթացքում ենթարկվել է մեծ փոփոխությունների ինչպես դրական, այնպես էլ բացասական:

«Վերջին երկու տասնամյակներում փոխվել է Հայաստանում ընտրությունների անցկացման կարգը, կարգավորումները, փոխվել են նաև ընտրակեղծիքների գործիքակազմը, որը շատ հետաքրքիր էվոլյուցիա է ապրել: Սակայն մարդկանց մոտ տպավորություն չկա, որ ընտրությունների միջոցով հնարավոր է իշխանափոխություն և որ դրանց արդյունքները արտացոլում են բնակչության կարծիքը»,- ասում է Դանելյանը:

Հեղափոխությունից հետո նոր իշխանություններն իրենց առաջնահերթությունն են հռչակել ընտրությունների նկատմամբ հանրության վստահության վերականգնումն ու ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որի հիման վրա մեկ տարվա ընթացքում կկայանան արտահերթ ընտրություններ: Վարչապետին առընթեր ստեղծված ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, որի անդամ է հանդիսանում Դանելյանը, ստանձնել է օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու գործառույթը:

«Ընտրական օրենսգիրքն այն ֆիքսված խաղի կանոններն են, ուր քաղաքական ուժերը փորձում են արտացոլել իրենց շահերը՝ կապված իրենց ազդեցությունից»,- ընդգծում է քաղաքագետը:

Դանելյանի կարծիքով Հայաստանի ընտրական օրենսդրությունն անցել է երկար ճանապարհ, որի ընթացքում չնայած բազում բացթողումների եղել են նաև դրական ձեռքբերումներ, ներառյալ ընտրական ցուցակների կազմման և հրապարակման գործընթացները: Նոր օրենսգրքի ընդունման գործընթացում նա ընդգծում է բաց թափանցիկ գործելաոճի կարևորությունը:

«Ընտրական օրենսգիրքը կարգավորում է բավականին մեծ քանակությամբ խնդիրներ: Եթե խոսենք, թե ինչպիսի տեսք պետք է ունենան գալիք փոփոխությունները, հաշվի առնելով, որ կան մի քանի առաջնային և ոչ առաջնային խնդիրներ, ապա կարևոր է, թե որքան ժամանակ է հատկացվելու ընտրական օրենսգրքի փոփոխությունների իրականացմանը»,- նշում է Համազասպ Դանելյանը:

Նա նաև ընդգծում է ընտրական գործընթացում իրավապահ մարմինների աշխատանքի կարևորությունը, որի միջոցով հնարավոր է կանխել ընտրակաշառքներն ու այլ տեսակի ընտրակեղծիքները:

«Մեզ անհրաժեշտ են դեպքեր, որից հետո հանրությունը կգիտակցի, որ դա անպատիժ չի կարող մնալ: Ինֆորմացիայի պակաս որպես կանոն չկա, աստեղ խոսքը նրա մասին է, թե այդ տեղեկության հրապարակումից հետո ինչպես են արձագանքում իրավապահները»,- ասում է Դանելյանը:

Այսօրվա իրականությունը Դանելյանը գնահատում է որպես պատմական հնարավորություն: Բարեփոխումները, ըստ քաղաքագետի, կարող են զգալիորեն նպաստել ոչ միայն ընտրական համակարգի կայացմանը, այլ նաև քաղաքական այլ ինստիտուտների օրենսդրության զարգացմանը, որոնց թվում են քաղաքական կուսակցությունների մասին օրենքը:

Բարեփոխված ընտրական օրենսգիրքը կարող է հավասար պայմաններ ստեղծել բոլոր կուսակցությունների համար՝ զերծ մնալով մեկ կամ երկու իշխանական կուսակցությունների շահերի սպասարկումից:

Facebook Forum

XS
SM
MD
LG