Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պնդում է Իրանի դեմ պատժամիջոցները վերսկսելու կարեւորությունը, երբ Իրանի նախագահը շրջագայում է Եվրոպայում


Իրանի հետ կնքված միջուկային միջազգային գործարքից դուրս գալուց ի վեր ԱՄՆ-ը հայտարարում է Թեհրանի դեմ պատժամիջոցները շարունակելու անհրաժեշտության մասին եւ կոչ անում մյուս երկրներին դիմել նույն քայլին:

Ինչպես Պետդեպարտամենտի պաշտոնատար անձանցից Բրայըն Հուքն է ասում, միջազգային հիսուն ընկերություններ արդեն իսկ խոստացել են հեռանալ Իրանից:

Այսօր, երբ տնտեսական վատթարացող պայմանների դեմ սկսված բողոքի ցույցերն ավելի ու ավելի մարդաշատ են դառնում, արտասահմանյան երկներում գործող իրանական ընդդիմադիր խմբավորումները հանդիպում են անցկացրել Փարիզում:

Դոնալդ Թրամփի իրավական հարցերով խորհրդական Ռուդի Ջուլիանին էլ հայտարարում է, թե նախատեսվող պատժամիջոցներն արդեն թողնում են իրենց ազդեցությունը:

‘’Իրանում բողոքի ցույցերն ուժգնանում են նաեւ այն պատճառով, որ նախագահ Թրամփը եւ մեր կառավարությունը աջակցում են այդ շարժումը’’:

Իրանի հետ միջուկային պայմանագիրը ստորագրած մյուս կողմերը, այդ թվում Գերմանիան ու Ֆրանսիան այժմ էլ հավատարիմ են մնում գործարքին: Այդ պատճառով է, որ շատերը, նրանց թվում Նյու Մեքսիկո նահանգի կառավարիչ Բիլ Ռիչարդսոնը նախազգուշացնում են ԱՄՆ-ի իշխանություններին, որ Իրանին պատժելու հարցով չթչնամանան եվրոպական դաշնակիցների հետ:
‘’Այնպես որ, կարծում եմ, որ Միացյալ Նահանգները եվրոպական բարեկամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելիս պիտի գործի զգուշությամբ’’, ասում է նա:

Իրանի հետ կնքված միջուկային գործարքն ուժի մեջ պահելու նպատակով եվրոպական երկրներով շրջագայություն է իրականացնում նաեւ Իրանի նախագահը` Հասան Ռուհանին:

XS
SM
MD
LG