Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը շարունակում է Հյուսիսային Կորեայի հետ միջուկային հարցերով բանակցությունները


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընի հետ հունիս ամսին պատմական հանդիպում անցկացնելուց հետո, ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, թե հավատացած է, որ Կիմը լրջորեն է մոտենում այդ հարցին: Սակայն որոշ տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի հետախուզությունը պարզել է, որ Հյուսիսային Կորեան ապակողմնորոշում է ԱՄՆ-ին ու շարունակում միջուկային գործունեությունը:

Ինչպես ‘’Ժառանգություն’’ հիմնադրամից Բրուս Քլինգերն է ասում, արհեստական արբանյակների հաղորդած տվյալների համաձայն, Հյուսիսն իրականացնում է իր միջուկային հաստատություններն ընդլայնելու գործունեություն:

‘’Հյուսիսն ավելացնում է իր ատոմը տրոհելու համար անհրաժեշտ նյութերի ծավալը ոչ միայն Յոնգբյոնում, այլ նաեւ այլ հաստատություններում’’:

Սպիտակ տունը, մամլո քարտուղար Սառա Սանդերսի խոսքերով, ոչ հաստատում, ոչ էլ հերքում է հետախուզության հաղորդած այդ տվյալները: ‘’Մենք պարզապես շարունակում ենք գրանցել առաջընթաց’’, ասել է նա:

Փորձագետները հիշեցնում են Հյուսիսային Կորեայի հետ կնքված ութ այն պայմանագրերը, որոնք Փհենյանի իշխանություններն ավելի ուշ անտեսել են: Այնպես որ ասում են նրանք, Հյուսիսը երբեք չի հրաժարվելու իր միջուկային ծրագրից ու պաշարներից:

‘’Այնպես որ, ԱՄՆ-ը պետք է սովորի նախկինում թույլ տրված սխալներից եւ թույլ չտա, որ խախտվի նաեւ այս պայմանագիրը’’, ասում են նրանք ու հիշեցնում, որ ի հակադրություն Խորհրդային Միության հետ զենքերը վերահսկելու մասին կնքված պայմանագրերի, Հյուսիսի հետ կնքված պայմանագիրը շատ կարճ է, ոչ հստակ եւ առանց մանրամասնությունների:

Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքերով, Թրամփի վարչակազմն ունի գործողությունների մի ծրագիր, որը թույլ է տալիս ոչնչացնել Հյուսիսային Կորեայի միջուկային արսենալը մեկ տարվա ընթացքում, եթե Փհենյանը համաձայնվի:

XS
SM
MD
LG