Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը քաղաքական պայքարի կենտրոնում


Մոտ օրերս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հայտնել Գերագույն դատարանի նոր անդամի թեկնածուի անունը, ով այդ պաշտոնում կփոխարինի դատավոր Էնթոնի Քենեդիին վերջինիս թոշակի անցնելու պատճառով: Նշանակումը կարող է ունենալ քաղաքական հետևանքեր:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով հաղորդել է, որ պատրաստվում է հուլիսի 9-ին հայտնել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նոր անդամի թեկնածուի անունը:

Հանրապետական սենատորները խոստացել են, որ թեկնածուի հաստատման վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա նախքան նոյեմբերին կայանալիք ընտրությունները:

«Սենատը կքվեարկի դատավոր Քեննեդիի հաջորդին հաստատելու համար: Թեկնածուի ընտրությունը պետք է կայանա արդար»,- հայտարարել է սենատոր Միչ Մաքքոնելը:

Դեմոկրատներն իրենց հերթին հայտարարում են, որ Գերագույն դատարանում պահպանողական գաղափարախոսություն կրող նոր անդամի նշանակումը իր ազդեցությունը կգործի ազատական հատվածին մտահոգող հիմնախնդիրների վրա: Նրանք դժգոհություն են հայտնում, որ նախագահ Թրամփը հրաժարվել է առաջ քաշել իր նախորդի՝ նախագահ Օբամայի առաջարկած թեկնածուին:

«Դատավոր Քեննեդիի հեռանալուց հետո երկրի Գերագույն դատարանը հավասարապես կբաժանվի հանրապետական նախագահի նշանակված անդամների ու դեմոկրատ նախագահի նշանակածների միջեւ: Այն թեկնածուն, ով կնշանակվի դատավոր Քեննեդիի փոխարեն հնարավորություն կստանա ազդել ամերիկյան օրենքների ու քաղաքացիների իրավունքների վրա»,- հայտարարում է դեմոկրատ սենատոր Չաք Շումերը:

Դեմոկրատներն ինքնուրույն չեն կարող խանգարել հանրապետական նոր թեկնածուի նշանակմանը, սակայն կարող են հասնել հաջողության, եթե համագործակցեն չափավոր հանրապետականների հետ, ովքեր դեմ են Թրամփի առաջարկած թեկնածուներին ու պաշտպանում են հղիության արհեստական ընդհատման իրավունքը:

Վերջին հարցազրույցների ընթացքում նախագահ Թրամփը ուղիղ չի նշել , որ հղիության արհեստական ընդհատման իրավունքի վերաբերյալ մոտեցումը վճռորոշ դեր է խաղալու Գերագույն դատարանի անդամի թեկնածուի ընտրության հարցում, սակայն որպես նախագահի թեկնածու 2016 թվականին նա հստակ արձանագրել էր իր մոտեցումը, ըստ որի անհրաժեշտ է կասեցնել 1973 թվականի՝ հղիության դադարեցման իրավունքի օգտին Գերագույն դատարանի կայացրած որոշումը:

Հայտնի է նաև, որ անցած տարի ԱՄՆ-ի երեք դեմոկրատ սենատորներ իրենց աջակցույուն են հայտնել Թրամփի թեկնածու՝ Նեյլ Գորսաչի թեկնածությանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG