Մատչելի հղումներ

Վաշինգտոնում տեղադրվեց ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպանի կիսանդրին


Արմեն Գարոյին նվիրված կիսանդրին, ք.Վաշինգտոն, ԱՄՆ
Արմեն Գարոյին նվիրված կիսանդրին, ք.Վաշինգտոն, ԱՄՆ

Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակի տոնական միջոցառումների շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրվեց Միացյալ Նահանգներում ՀՀ առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրին: Միջոցառմանը ներկ էր ՀՀ նախագահը:

Միացյալ Նահանգներում են անցնում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձի և հայ-ամերիկյան պաշտոնական հարաբերությունների 100-ամյակին նվիրված միջոցառումները՝ ամերիկահայ շրջանակների ու կառույցների ակտիվ մասնակցությամբ: Հունիսի 28-ին Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանատանը կազմակերպված տոնական միջոցառումը ևս նվիրված էր այս շարքին:

«Այս օրերին մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության հարյուրամյակն ու հայ-ամերիկյան հարաբերությունների 100-րդ տարեդարձը, և այսօրվա միջոցառումն այս տոնակատարությունների բարձրակետն է»,- նշել է ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ դեսպան Հովհանիսյանն ընդգծել է Առաջին Հանրապետության բացառիկ նշանակությունը հայոց պետականության վերականգման հարցում:

Առաջին Հանրապետության տարեդարձի շրջանակում Վաշինգտոնում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի Առաջին Հանրապետության ազգային գործիչ, դիվանագետ, ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի հիշատակի հավերժացմանը: Հայ Հեղափոխական Դաշնակցույան և Հայ Դատի հանձնախմբի հետ համագործակցությամբ դեսպանության տարածքում տեղադրվեց ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպանի կիսանդրին:

Դեսպան Հովհանիսյանն անդրադարձավ այս նախաձեռնության գաղափարի իրականացմանը:

«Հունվարին մեր տարեկան քննարկումների ժամանակ ծնվեց Վաշինգտոնում Հայաստանը ներկայացնող առաջին դիվանագետի կիսանդրին տեղադրելու գաղափարը»,- ասում է դեսպան Հովհաննիսյանը:

Միջոցառմանը ներկա ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանն ընդգծեց Արմեն Գարոյի ունեցած վաստակն ու դերը Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության մեջ:

«Արմեն Գարոն մեր ազգի լավագույն ներկայացուցիչներից է, ազգային ազատագրական գործիչ է և դիվանագետ»,- նշում է Տեր-Խաչատրյանը:

Պատմաբան Հայկ Դեմոյանն էլ խոսեց 1918 թվականի Հայաստանի Առաջին Հանրապետության օրերին ԱՄՆ-ում հայկական առաջին դիվանագիտական առաքելության հիմնադրման պատմությանը՝ նշելով, որ դիվանագիտական առաքելությունը հիմնվեց ամերիկահայ համայնքի կողմից հավաքագրված 50 հազար դոլարի շնորհիվ:

Միջոցառմանը ներկա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում ընդգծեց Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական դերն ու նշանակությունը՝ շեշտելով, որ այն վերածնվում է յուրաքանչյուր կարևոր ձեռքբերման ժամանակ:

«Մենք տոնում ենք Առաջին Հանրապետության հիմնադրման հաղթանակը: Առաջին Հանրապետությունը երբեք չի դադարել: Միգուցե այն կոչվել է այլ անունով: Օրինակ 70 տարի այն կոչել ենք Հայաստանի Խորհրդային Հանրապետություն, սակայն շատերս մեր սրտերում հավատացել ենք, որ իրական հանրապետությունը անկախ և ժողովրդավար Հայաստանն է: Եվ 1991 –ին այն, ինչը մեր սրտերում էր դարձավ իրականություն, և Առաջին հանրապետությունը վերածնվեց»,- ասել է ՀՀ նախագահը:

Իր խոսքում նախագահը բարձր գնահատեց Արմեն Գարո ազգային և դիվանագիտական գործչի թողած ժառանգությունը:

Միջոցառման ընթացքում նախագահ Սարգսյանը երախտագիտության պատվոգիր հանձնեց ամերիկահայ բարերար Սեյվի Թուֆենկյանին՝ Հայաստանի դիվանագիտական առաքելությանը ցուցաբերած օժանդակության և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Ընդգծվեց Թուֆենկյան-Շիրվանյան ընտանիքների ներդրումն այս հարցերում:

Facebook Forum

XS
SM
MD
LG