Մատչելի հղումներ

Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում անցած գիտաժողովին ներկայացվել է Հայաստանի պատմամշակութային հարստությունը: «Հայկական պատմության եւ մշակույթի արդի խնդիրները» թեմայով գիտաժողովն անցել է «Վարդանանց օրեր» ամենամյա դասախոսությունների շրջանակում:

Հայաստանի պատմությունն ու մշակույթը գիտական մակարդակով վերջին կես դարի ընթացքում հետազոտող Կոնգրեսի գրադարանի աշխատակից Լևոն Ավդոյանի խոսքով, նույնիսկ մասնագիտական շրջանակներում Հայաստանի մասին գիտելիքները հաճախ սահմանափակվում են մի քանի հիմնահարցերով, մինչդեռ, ժողովրդի պատմամշակութային հարստության մեծ մասը դուրս է մնում.

«Նոյյան տապանը Արարատ լեռան վրա, Հայաստանն՝ առաջին քրիստոնյա պետություն, Հայոց ցեղասպանություն՝ շատերն այսքանը գիտեն: Սակայն, մեր թվարկության 6-րդ դարից, երբ Հայաստանն առաջին անգամ հիշատակվել է, մինչեւ մեր օրերը, առկա է հարուստ եւ հիմնականում անհայտ պատմություն»,- ասում է Լևոն Ավդոյանը:

Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում անցած «Հայկական պատմության եւ մշակույթի արդի խնդիրները» թեմայով գիտաժողովին մասնակցող Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ Հայաստանի պատմաբանները ներկայացրեցին հայագիտության արդի հարցերը՝ Կիլիկիո թագավորության զարգացումից մինչեւ Հայաստանում սամիզդատի՝ ինքնահրատի տարածում:

«Հայերը տեւական ժամանակ եղել են մետաքսի ճանապարհի հիմնական ուժերից մեկը, իսկ մոնղոլների իշխանության տարիներին նրանք է՛լ ավելի մեծացրեցին սեփական դերը», - ասում է Հելեն Էվանսը Մետրոպոլիտեն արվեստի թանգարանից

Մոնղոլների առեւտուրն ու Կիլիկիո թագավորությունը իր զեկույցում Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի աշխատակից Հելեն Էվանսը նշում է՝ մոնղոլների հետ համագործակցելիս Կիլիկիո թագավորությունն այնքան հզոր էր դարձել, որ ձգտում էր նույնիսկ դառնալ երկրորդ Բյուզանդիան:

«Մոնղոլների առեւտրի ուղիների վրա Կիլիկիո թագավորության վերահսկողությունը թագավորության հարստության եւ հզորության բանալին էր»,- նշում է Հելեն Էվանսը:

Խորհրդային իշխանությունների կողմից արգելված հայկական սամիզդատը ծնունդ տվեց ժամանակակից Հայաստանի մամուլին, նշում է Ներսես Հայրապետյանը.

«Դա մեր մշակույթի, լրագրության, պատմության մի մասն է»,- ընդգծում է Ներսես Հայրապետյանը:

Փորձագետի խոսքով, անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի պատմությանն ու մշակույթին նվիրված հետազոտությունները.

«Մենք սովորաբար ավելի շատ հետ նայող ժողովուրդ ենք, սակայն, կան թեմաներ, որ մեր կողքին են»:

Facebook Forum

XS
SM
MD
LG